«Միգուցե Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է մոտեցել հատկապես «Սասնա ծռերին» որպես քաղբանտարկյալ. եթե հստակ գիտենք՝ Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կյուրեղյանը ՝ օդից կպցրած մեղադրանքներով, նա միանշանակ համարում է քաղբանտարկյալներ, ապա «Սասնա ծռերին», որոնք զենքի կիրառմամբ ներխուժել էին տարածք, այդտեղ է , որ Նիկոլ Փաշինյանը փորձում է լինել զգուշավոր, բայց կարծում եմ՝ որ իր զգուշավորություններն անտեղի են»,- նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի պատասխանին «Սասնա ծռերին» ազատ արձակելու վերաբերյալ հարցին:
«Ես բազմիցս անդրադարձել եմ «Սասնա ծռերի» կարված գործին, այո եղել է զենք, ուժային գործողություններ, բայց մյուս կողմից դրդապատճառները բացարձակ նշված չեն, եթե քննությունը ճիշտ վարվեր ու պատճառահետեւանքային կապը հաստատվեր «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ, միանշանակ իրենք քաղբանտարկյալ հասկացության տակ են մտնում»,- հավելեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ «Սասնա ծռերին» ՝ որպես քաղբանտարկյալներ, ազատ արձակելու հնարավոր գործընթացի մասին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա օրենքների խստիվ պահպանմամբ: ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես կարող է ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել: Կդիտարկվի, գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մեկ այլ դեպքում՝ այլ գործիք: Պետք է ոչ թե նեղ թիմային որոշումներ կայացվեն, այլ ՀԿ-ների փորձագիտական կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, դա հանրային համերաշխության հաստատումն է: Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմների»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերի հանրահավաքներում բազմիցս հայտարարել է, որ օր առաջ պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ