«Վաղը ոչ մի գործողություն մի արեք, այլ ժամը 11-ից հավաքվեք Հանրապետության հրապարակում եւ տոնեք ձեր հաղթանակը՝ անորոշության, թուլության եւ հուսահատության հանդեպ»,-«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վաղն ԱԺ-ն վարչապետ է ընտրելու:
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասաց. «Որեւէ այլ տեղ չենք գնում, ոչ մի փողոց չենք փակում: Ուղիղ հեռարձակմամբ այստեղ կցուցադրվի ԱԺ նիստը: Ձեր թույլտվությամբ՝ պատգամավորական կազմով մասնակցելու ենք այդ նիստին, որից անմիջապես հետո ձեզ ենք միանալու ենք այստեղ»:
Ապա` Փաշինյանը հատուկ խնդրանք ուղղեց քաղաքացիներին. «Առանձին խմբերով պետք չէ գնալ Բաղրամյան պողոտա: Այն բաց է լինելու, անվտանգության միջոցառումներ չեն լինելու, բայց հավաքվեք այստեղ: Անկախ արդյունքից՝ մենք կգանք այստեղ եւ միասին կանենք եզրակացություններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ