«Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհի ուշադրությունը վաղը Հայաստանի վրա է լինելու: Կարծես վաղը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ է կայանալու: Մեր երկիրն այլեւս մոռացված եւ հեռավոր անկյուն չէ, այլ մի վայր է, որտեղի իրադարձությունները զարմացնում եւ հիացնում են աշխարհին, նաեւ՝ սովորեցնում եւ մտածելու տեղիք տալիս:
Այսպիսինն է մեր պատկերացրած Հայաստանը եւ հայ ժողովուրդը»,-«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով այն փաստը, որ վաղն ԱԺ-ն վարչապետ է ընտրելու:
«Մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Մինչեւ հիմա մեզ թվում էր, եւ շատերին էր թվում, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարեւոր իրադարձությունը: Իրականում, սակայն, այսօր եւ հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարեւոր իրադարձությունը տեղի է ունեցել դրանից առաջ՝ օրեր առաջ, երբ մեզ ակնհայտ էր, որ ՀՀ-ում ի վերջո կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել եւ սեփական ձեռքը վերցրել իրեն իսկ պատկանող իրադարձությունը: Բացարձակ էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, որովհետեւ էական է այն, որ կա երկրի ղեկն իր ձեռքը վերցրած ժողովուրդ: Ամենակարեւորն այն է, որ ժողովուրդը գիտի իր անելիքն այն դեպքում, եթե հանկարծ երբեւէ որեւէ իշխանություն փորձի լկտիանալ, իրեն կորցնել եւ «տեղը չբերել» սեփական ժողովրդին»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կրկնեց՝ էական չէ, թե վաղն ինչ տեղի կունենա ԱԺ-ում. «Էականն այն է, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, եւ այդ հաղթանակն անշրջելի է, այն չի կարող կասկածի տակ դնել այլեւս ոչ-ոք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ