«Թեւակոխում ենք վերջնական՝ հաղթական փուլ, բայց ավելի դժվար փուլ: Ավելի ուշադիր ու իմաստուն պետք է լինենք, ու կազմակերպված»,-«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը: Նա ցուցարարներին հիշեցրեց, որ վաղը՝ մայիսի մեկին, ԱԺ-ն վարչապետ է ընտրելու:
«Վստահ եմ, որ վաղը ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրի ՀՀ վարչապետ: Դրանից հետո պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն, որից պետք է ակնկալել ու պահանջել չորս կետեր»,-նշեց պատգամավորը, ապա հրապարակեց այդ չորս պահանջները.
1.Ժամանակավոր կառավարությունը պետք է ապահովի հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն,
2.Երկրի բնականոն գործունեություն՝ առաջնային հարցերին տալով օպերատիվ տնտեսական լուծումներ: Տնտեսական հրաշքներ ակնկալել չենք կարող:
3.Ստեղծել մեխանիզմներ՝ ընտրական համակարգի բարեփոխման համար: Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի: Բացի այդ, պետք է բարեփոխվեն որոշ օրենքներ, որոնք էական ազդեցություն են ունենալու ընտրական գործընթացի վրա:
4.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում:
Վերջում Արարատ Միրզոյանը քաղաքացիներին խնդրեց նշյալ գործընթացում իրենց մենակ չթողնել. «Մենք դրա կարիքն ունենք, մեր կողքին կլինեք, որովհետեւ փորձելու են ձեզանից խլել հաղթանակը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ