«Նիկոլ Փաշինյանի պատասխանների հիմնական շեշտը դրված էր ներքին քաղաքականության վրա, այստեղ նա գրեթե անթերի էր խոսում, քանի որ իշխանությունն էլ է ընդունում, որ ՀՀ-ում արդարության պակաս կա, դատական համակարգը կայացած չէ, ընդհանրապես երկրում բնակչության մի ստվար մասը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, տնտեսական վիճակը վատ է, մեծ կոռուպցիա կա և այլն»,- Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-Նիկոլ Փաշինյան երկխոսության ընթացքում ո՞ր կողմի փաստարկներն էին համոզիչ, այսպես պատասխանեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Ըստ փորձագետի՝ արտաքին քաղաքականության մասով ՀՀԿ-ի տված սուր հարցերը երկու նպատակ էին հետապնդում, նախ` փորձել էական հակասություններ գտնել Նիկոլ Փաշինյանի և իրենց վարած արտաքին քաղաքականության միջև և դրանով ցույց տալ, որ եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության գա, արտաքին քաղաքականությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել, Ռուսաստանի հետ կարող ենք խնդիրներ ունենալ և այլն:
Միգուցե դրանով ուղերձ էին հղում նաև Կրեմլին, այն է` տեսեք Հայաստանում կարող է իշխանության գալ մի մարդ, որը կարող է վնասներ պատճառել հայ-ռուսական հարաբերություններին.
«Իսկ եթե արտաքին քաղաքականության մասով Փաշինյանի տեսլականը չտարբերվեր իշխանության վարած արտաքին քաղաքականությունից, ապա դրանով նրանք ցույց կտային, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը քննադատելը փաստորեն սխալ է եղել ընդդիմության կողմից: Ի պատիվ իրեն` Նիկոլ Փաշինյանը չտրվեց սադրանքներին, չընկավ նրանց պատրաստած ծուղակը, և արտաքին քաղաքական հարցերով նրա պատասխաններից կարելի է փաստել, որ նրա կողմից արտաքին քաղաքականության մասով էական փոփոխություններ չեն սպասվում: Միգուցե, դա մարտավարական բնույթ է կրում, բայց փաստն այն է, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում կտրուկ փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը»:
Մեր հարցին՝ այն, որ թե′ լրագրողները, թե′ ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում էին նախկինում արած միմյանց հակասող իր իսկ մոտեցումներն ու հայտարարությունները, այդպիսով Նիկոլ Փաշինյանը նեղը չէ՞ր ընկնում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ընդունված բան է, որ երբ քաղաքական գործիչները անցյալում մի հայտարարություն են անում և որոշ ժամանակ հետո այդ հայտարարությունը խմբագրում են կամ հակառակ հայտարարությունն անում, դա միշտ էլ հզոր փաստարկ է դառնում նրանց ընդդիմախոսների ձեռքում: Այդ զենքը, նախկինում լինելով լրագրող, իսկ հետո նաև` քաղաքական գործիչ, Նիկոլը շատ լավ օգտագործում էր ՀՀԿ-ականների դեմ՝ նրանց հիշեցնելով իրենց նախկին արած հայտարարությունների մասին և, բնականաբար, այժմ էլ ՀՀԿ-ականներն են Նիկոլի դեմ կռվում իր իսկ զենքով»:
Մեր այն հարցին՝ հատկապես ԵԱՏՄ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում հակասությունները վեր հանելով ՀՀԿ-ականները փորձում էին նրա վարկանի՞շը գցել, թե՞ պրոֆեսիոնալ ընդդիմություն լինելու հայտ էին ներկայացնում, Արմեն Վարդանյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ, գոնե ԵԱՏՄ մասով, էական հակասություններ չկան: Նա նախկինում հայտարարել է, որ սխալ էր ԵԱՏՄ մտնելը, իսկ հետո հայտարարեց, որ ներկայումս այնտեղից դուրս գալը ժամանակավրեպ կլինի: Չնայած բացի դրանից նա նաև անցյալ տարի կողմ քվեարկեց ԵԼՔ-ի հայտնի օրինագծին, որով առաջարկվում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այստեղ, իրոք, Նիկոլը մի քիչ նեղն ընկավ, բայց նա շատ ճարպկորեն դուրս եկավ նաև դրա տակից՝ հայտարարելով, որ մշտապես նոր իրողություններ են ի հայտ գալիս: Քաղաքականության մեջ միշտ էլ լինում է, որ քաղաքական գործիչները մի ժամանակահատվածում մեկ բան են ասում, իսկ հետո` հրաժարվում իրենց խոսքերից կամ դրան հակառակ բան ասում: Պետք է ասել, որ արտաքին քաղաքականության մեջ դա նորմալ է և մանևրելու տեղ է թողնում քաղաքական գործիչներին: Օրինակ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մինչ նախագահ ընտրվելը Իրանի մասով ասում էր միջուկային համաձայնագիրը պիտի չեղարկի, բայց այժմ դա օգտագործում է Իրանի դեմ վարվող քաղաքականության մեջ` փորձելով նոր զիջումներ ստանալ Իրանից»: Իսկ ահա ներքին քաղաքականության մեջ պետք է առավելագույն կերպով հավատարիմ մնալ սկզբունքներին և փորձել չանել քայլեր և չասել բաներ, որոնք սկզբունքորեն տարբերվում են քո արած նախկին հայտարարություններից:
Հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր հարցերում էր «կաղում», քաղաքագետը նշեց, որ բոլոր հարցերում հանրապետականները փորձում էին նեղը գցել Փաշինյանին. «Օրինակ` «Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» դեպքում հայտարարում էր, որ նրանց պետք է ազատ արձակել: Բայց «Սասնա ծռերը» ո′չ տեղական, ո′չ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալներ չեն համարվել:
Արփինե Հովհաննիսյանի տված հարցից պարզ է դառնում, որ իշխանությունը ենթատեքստով ասում է` տեսեք օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ազատ արձակել մարդկանց, ովքեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալներ չեն ճանաչվել և հետևաբար, նա ցանկանում է ազատ արձակել հանցագործներին»:
Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցն այն մասին, որ եթե ամբողջ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկի, կստացվի, որ բոլոր կուսակցություններն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի օգտին են քվեարկում, այդ դեպքում ինչպե՞ս է աշխատելու առանց ընդդիմության խորհրդարանում: Այս մասին քաղաքագետն ասաց. «Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանն այդ հարցին պատասխանեց, բայց չէի ասի, թե շատ լավ պատասխան էր: Իհարկե, սահմանադրական ճգնաժամ է առաջանում, մանավանդ՝ սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորների 30 տոկոսը պետք է ընդդիմություն լինի: Ստացվում է՝ ամբողջ ԱԺ-ն իշխանություն է»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ այս ճանապարհով էլ ՀՀԿ-ն կգնա. ամբողջ խմբակցությունով «կողմ» կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակի միակ ռացիոնալ լուծումն այն կլինի, որ նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա, թե ոչ նոր իրողություններ են ի հայտ եկել: Եթե չդառնա վարչապետ, պետք է հաշվի առնել, որ լուրջ քաղաքական ճգնաժամ կա, դրա համար պետք է լուծարվի խորհրդարանը, և նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե դառնա վարչապետ, սահմանադրական ճգնաժամ կառաջանա, այլևս դե ֆակտո ԱԺ-ում ընդդիմություն չի լինի: Իհարկե, ոմանք կարող են ասել, թե ՀՀԿ-ն միայն կարող է կողմ քվեարկել Նիկոլին, հետո ընդդիմադիր լինել, բայց դա քաղաքական տրամաբանությունից զուրկ է լինում: Այն խմբակցությունները, որոնք քվեարկում են վարչապետի թեկնածուի օգտին, պետք է ստանձնեն նաև կառավարության քաղաքական գործունեության պատասխանատվությունը: Իսկ տվյալ դեպքում, եթե ՀՀԿ-ն նույնպես քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես վարչապետ, նա նույնպես կդառնա իշխանություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ