«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում բեմահարթակ բարձրացավ աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը:
Նա, մոտենալով խոսափողին, հուզվեց, չկարողացավ խոսել: «Դուխո՜վ, դուխո՜վ»,-ի պատասխան վանկարկեցին ցուցարարները, ինչից հետո Փաշինյանը մոտեցավ եւ գրկեց Կարապետյանին:
Նա հայտարարեց. «Ռուսաստանի հայ երիտասարդությունն ինձ որպես դեսպան է ուղարկել, որ ասեմ՝ նրանք ձեզ հետ են, ձեր կողքին են: Թող պապանձվի այն մարդու լեզուն, ով կասի, թե այստեղ ճշմարտություն չկա»:
Կարապետյանը նշեց, որ իր ընտանիքի հետ է ժամանել հայրենիք: «Ռուսաստանի 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է, ապրում է ձեզանով»,-վստահեցրեց նա:
Վերջում դիմելով ցուցարարներին՝ Շավարշ Կարապետյանն ասաց. «Եթե վաղը չլինի ձեր հաղթանակը, աշխարհը կփլվի: Պարոն Փաշինյան, շնորհակալ եմ ձեզ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ