Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր շատերին հետաքրքրող հարցին պատասխանեց՝ ինչ կար նրա ուսապարկի մեջ:
«Ինձ անհրաժեշտ պիտույքներն էին, հագուստ, համակարգիչ, հեռախոսի լիցքավորիչ, քաղցրավենիք» ,- «Ազատության» հարցին պատասխանեց նա: Թե ինչպես է սնվել այս օրերին, նա ասաց, որ ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, նրա խոսքով, լրագրողներն ամեն ինչին ականատես են եղել, «Եղել է, որ երթի մեջ էլ ենք սնվել, արտառոց բաներ չեն եղել»:
Հարցին, թե որն է լինելու նրա առաջին հրամանագիրը, եթե վաղը վարչապետ ընտրվի, պատասխանեց. «Մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ համարվի, եթե օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չլինի, դուք իմ ղեկավարած նիստը դռնբաց կլուսաբանեք»:
Նա պատմեց, որ իր մեծ աղջիկն ուսանող է, տղան՝ զորակոչիկ, փոքր աղջիկը երեք տարեկան է, իսկ 12 տարեկան աղջիկը դպրոցական է:
Արդյոք կտեսնենք վարչապետ, ում տղան կգնա բանակ հարցին, նա պատասխանեց՝ այո:
Վանո Սիրադեղյանի վերադարձի համար հնարավոր քայլեր կատարելու վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրավական դաշտում պետք է լուծվի, նրա խոսքով, կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը, ու բոլոր իրավական հնարավոր լուծումերը կտրվեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ