Բաց նամակ Հանրապետական կուսակցությանը
Պարոնայք պատգամավորներ
Վաղը պատմական օր է: Ազգային ժողովը պետք է մեր հանրապետության վարչապետին ընտրի: Ժողովրդի ու ձեր դաշնակիցներ Բարգավաճ Հայաստան և ՀՅԴ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրման համար պակասում է 6 ձայն:
Դուք գիտեք, որ այսօր առաջին անգամ աշխարհում Հայաստանում ավանդական ռեվոյլուցիայի փոխարեն քաղաքական Էվոլյուցիա է տեղի ունենում: Որպեսզի այն բարով-խերով ավարտվի, ինչպես ասում է ժողովուրդը, դուք կարող եք վերջակետ դնել այդ պրոցեսին: Հակառակ պարագայում իրադրությունը կթեժանա այնքան, որ ժողովուրդն ինքը կդնի այդ վերջակետը: Մեծ իմաստնություն է պետք այդ վերջակետը դնելու համար:
Եթե դա դուք անեք, ապա հնարավորություն կունենաք ժողովրդի հետ տոնելու համազգային այս տոնը, հակառակ պարագայում դուք և ձեր երեխաները ամբողջ կյանքում կզղջաք չարածի համար: Ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ոչ թե իր տղայական հեղինակության մասին մտածի, այլ մեր բազմաչարչար ժողովրդի ու պետության վարկանիշի: Ամբողջ ազգը ձեզ է նայում՝ վերականգնեք ձեր հեղինակությունը անցած տաս տարվա բացթողումներից հետո՝ ձեր առաջնորդ Սերժ Սարգսյանի պես:
Կոչ եմ անում՝ միացեք սահմանի ներսում ինքն իրեն վերջապես հաղթած հայ ազգին: Մենք մեծ փորձ ունենք ազգովի համախմբման ու թշնամուն հաղթելու, իսկ այսօր հայոց պատմության մեջ առաջին անգամ մենք մեզ ենք հաղթում:
Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Ղարաբաղի պատերազմը ամբողջ հայ ժողովուրդն է հաղթել, ոչ թե Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը: Իսկ ապրիլյան պատերազմում մենք պարտվեցինք՝ հանձնելով 800 հա հող, որը ցույց տվեց մեր պետության և բանակի տկարությունը: Այսպիսով մեր պետությունը հզորանալու, իմաստնանալու կարիք ունի և դուք հնարավորություն ունեք դա անելու վաղը՝ Նիկոլ Փաշինյանի օգտին ձեր ընտրությամբ:
Արթուր ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Արցախյան պատերազմի հերոս,
ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ » 1-ին աստիճանի շքանշանի ասպետ,
ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ