Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու». ՀՀԿ-ականների ընդդիմադիր հարցերը՝ Փաշինյանին

Ապրիլ 30,2018 17:34

Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ խմբակցության անդամների՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը՝ ԵԱՏՄ-ի մասին, որ «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է ՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեզ վրա, ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել, ԵԱՏՄ անդամակցումից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել» եւ այլն: Նա հարցրեց, թե ի՞նչ է փոխվել այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ-ի կործանարար ազդեցության մասին գնահատականներ այլեւս չեն հնչում

Փաշինյանը պատասխանեց, որ հիմա ունենք նոր քաղաքական իրողություն: Աշոտյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը, երբ հրաժարական էր տալիս, ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, ու հիմա իրենց տված հարցերին կարող էր Փաշինյանը պատասխանել. «Սերժը ճիշտ էր, ես սխալվել եմ»: Փաշինյանն էլ արձագանքեց, որ սա դեռեւս իր հրաժարականի խոսքը չէ:

Միհրան Հակոբյանը հիշեցրեց, որ երբ Սերժ Սարգսյանը մի բան էր ասել 2014-ին, հետո մեկ այլ բան, Փաշինյանը հայտարարում էր, որ սուտ է ասում, հիմա ինքը նույնը չի՞ անում: Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե ես ասեի, որ ԵԱՏՄ-ին ես կողմ եմ քվեարկել եւ շարունակեի դա պնդել, կլիներ հիմք դա ասելու, մինչդեռ ես ասում եմ, որ կան իրողություններ եւ պետական, քաղաքական գործիչը պարտավոր է այդ իրողությունների հետ հաշվի նստել:

Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ բոլոր տեսակի խոստումների իրականացման գործիքը կառավարությունն է, հետեւաբար ձեր իշխանության պարագայում ովքե՞ր են լինելու ձեր կառավարության կազմում, օրինակ, ո՞վ է լինելու ՊՆ նախարարը, առաջին փոխվարչապետը, ֆինանսների նախարարը: Փաշինյանը պատասխանեց, որ որոշումները պետք է լինեն քննարկված եւ ինստիտուցիոնալ, կադրային ջարդ էլ չի լինելու. «Ինստիտուտի սխալվելու հավանականությունը ավելի փոքր է, քան մարդու: Սա ֆորսմաժորային իրավիճակում է տեղի ունենում եւ կառավարության ձեւավորումը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: Եթե սա սովորական պրոցես լիներ, կառավարության ձեւավորումը այլ տրամաբանության ներքո կլիներ: Հիմա պետք է արձանագրվի այն հենարանը, այն շրջանակը, որը ուղղակի կամ անուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնողը: Կառավարության կազմը պետք է ձեւավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ապահովումն է, որտեղ հնարավոր կլինի խաղաղ պայմաններում քննարկել օրհասական հարցերը, որոնց գոյությունը այսօր ընդունում ենք: Կառավարության կազմը կձեւավորվի կախված նրանից, թե քվեարկության ինչպիսի քաղաքական պատկեր կլինի»:

Առավել ուշագրավ էին Գագիկ Մելիքյանի հարցերը՝ կարծես ընդդիմադիր դիրքերից՝ ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու. «Շարժման հիմքում կան նաեւ սոցիալական արմատներ եւ մեր ժողովրդին հետաքրքրում է, թե երբ է ինքը լավ ապրելու: Շարժման ընթացքում, սկզբից եւ վերջում բազմաթիվ հայտարարություններում հնչել են աշխատատեղերի հարցը եւ հատկապես լուրջ արտադրություններ ՀՀ-ում կազմակերպելու հարցը: Ժողովուրդը մտահոգ է այդ խնդրով եւ պետք է հասկանա, որ շարժման յուրաքանչյուր օրը մեր տնտեսությունը եթե ոչ ավել, ապա առնվազն երկու ամսով հետ է շպրտում: Թե՛ ներդրումների հարցով, թե՛ այլ հարցերով դուք բազմաթիվ անգամ քննադատել եք, «Նաիրիտի» հարցն եք բարձրացրել: Ես կցանկանամ ժողովրդի անունից այդ հարցը հնչեցնել ձեզ՝ ե՞րբ է աշխատելու Նաիրիտը»:

Փաշինյանը պատասխանեց, որ շարժման ամեն օրը նաեւ շատ մեծ ներուժ է կուտակել ՀՀ տնտեսության էական եւ թռիչքաձեւ զարգացման համար եւ եթե արդարության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաները ապահովեն, ապա ՀՀ-ում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Մեր ամեն բաց թողնված օրն ու ամիսը շատ արագ կկոմպենսացվի, եթե արագ հասնենք հանգուցալուծմանը, օրակարգի կոնկրետ խնդիրների լուծմանը:

Գագիկ Մելիքյանն էլ արձագանքեց. «Մեր տնտեսության զարգացման վագրային թռիչքների մասին մի քանի տարի առաջ էլ ենք լսել, կարծում եմ, հեքիաթների ժանրից է, ես մեղմ ասեցի 2 ամիսը»: Ըստ նրա, մեր տնտեսությունը չի կարող վագրային թռիչքներով առաջ գնալ, հետագայում մաքսային, հարկային փոփոխությունների արդյունքում հնարավոր է, բայց ոչ հիմա, առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու հույսեր պիտի չփայփայի:

Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չքարոզել քաղաքացիների շրջանում. «Եթե մի բան չի հաջողվել մինչեւ հիմա, չի նշանակում, որ չի հաջողվելու սրանից հետո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30