Կրոնագետ Վարդան Խաչատրյանի բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր ՀՀ-ում տեղի է ունենում, դա ՀՀ սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին դրույթի ապահովումն է. «Ժողովուրդը ոտքի է կանգնել, քանի որ անարդարացիության մեջ նա ապրել է 20 և ավելի տարիներ»:
«Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը անդրադառնալով շարժման ծրագրային հենքին՝ պարոն Խաչատրյանն ասաց. «Մեզ անհրաժեշտ է վերացնել այն ամենը, ինչ բերել է այս ծանրագույն իրավիճակին: Ադրբեջանական կոռուպցիա ենք ներկրել մեր երկիր, որի հետևանքով իշխանությունները կարծում էին, որ իրենք են երկրի տերը և ի վիճակի են այդ ամենը յուրացնել: Անկախ ԶԼՄ-ների ոչնչացում է իրականացվել: Վրեժխնդրություն էր սպասվում բոլոր նրանց, որոնք պատրաստ էին ինչ-որ օգնություն ցույց տալ ընդդիմությանը: Մենք հասել էին ժառանգական ավտորիտարիզմի: Այս ամենը պետք է վերացվի»:
Ճարտարագետ, ԱՄՆ-ից Հայաստան եկած բարերար Լևոն Թորոսի կարծիքով՝ արժեքները նյութական չեն, այլ հոգևոր, բարոյական մաքուր, համոզիչ ու արդար: Նրա հավաստիացմամբ՝ սփյուռքը պատրաստ է աջակցել երիտասարդներին, բերել ներդրումներ. «Ամենամեծ խոչընդոտն այն էր, որ չկար կառավարության մեջ որևէ լծակ, որ կարողանայիր օգնել Հայաստանին: Ամենամեծ խոչընդոտը հենց այս կառավարությունն ու իշխանությունն էին, և որևէ ձևով չէին կարող մտնել ու օգնել: Հիմա այդ խոչընդոտները չկան»:
Երգահան Եղիշե Պետրոսյանի համոզմամբ՝ 1988-ից հետո սա առաջին հնարավորությունն է նորից մեջքներս ուղղելու, մեզ արժևորելու. «Ունենք համարյա թե մի դիակ, որը ողջ աշխարհին պարտքեր է կուտակել: Այն փրկելու համար մեծ ծախսեր է պետք: Այդ դիակը մեր այսօրվա ՀՀ-ն է՝ մեռած տնտեսությամբ, արյունահոսող վերքերով: Հիմա պատասխանատու վիճակ է, որ մենք հանկարծ ձեռքից բաց չթողնենք՝ անպայման գնանք այս երկրորդ քայլին»:
Ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը հայտնեց՝ ուզում են բարձրաձայնել, որ նոր երկրի մտավորականություն այս զարթոնքի, ժողովրդի կողքին ու նրա թիկունքին. «Իրավունք չունենք կարծրատիպերով մտածել: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը մի մեծ խնդիր լուծել է՝ այս տասնամյակների՝ ժողովրդի ատելությունն իր վրա է կենտրոնացրել և իրենց մերժելուց հետո մնաց սերը: Մտավորականության խնդիրն այդ սերը գործի վերածելն է: Այսքան հեշտ հանձնվելու մեջ մի դավադիր բան եմ տեսնում, ուստի երբեք չպետք է թուլացնենք մեր մեծ պայքարի լիցքը»:
Պարոն Չալիկյանը վստահեցրեց՝ պետք է համահայկական ներուժի վրա նոր համակարգ կառուցել: Նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում համահայկական սենատ ձևավորելու համար:
ՀԱՅՔ նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Մակարյանը փաստեց՝ վերջապես հայ հասարակությունը կարողացավ ցրել արմատավորված գաղջ մթնոլորտը. «Վերջապես կարողացանք հաստատել խանդավառություն, տոնականություն ու սիրո մթնոլորտ: Սա հաղթանակ էր քարացած մտածողության, վճռականության, նոր մոտեցումների և, ամենակարևորը, նոր երկիր կերտելու խանդավառության: Կատարելով իշխանափոխություն, գնալով առաջիկա ընտրությունների՝ հարց չենք լուծի, եթե չդնենք կարևորագույնը. այն, ինչ մեզ բերեց փակուղի: Դա է Սահմանադրությունը: Մենք քննադատում էինք, որ նման սահմանադրություն չի կարելի ընդունել»:
Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, մաթ․գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բեկլարյանի կարծիքով՝ այսօր գլխավոր թեզն է, որ հայությունը վերադարձավ է իր բազային հասկացողության. ասում է ոչ թալանին. «Երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, համարյա մեկ շաբաթ ոչ ոք՝ բացի Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից չէր շնորհավորում նրան: Իսկ երբ հրաժարական տվեց, և այս շարժումը եղավ, բոլոր եվրոպական և համաշխարհային կենտրոնները սկսեցին շնորհավորել Հայաստանին»:
Դառնալով ռուսաստանյան տրամադրություններին՝ պարոն Բեկլարյանը նշեց, թե այնտեղ մի շրջանակ կարծում է, որ սովորական գունավոր հեղափոխություն է տեղի ունեցել ՀՀ-ում, իսկ մյուս մասն արդեն նայում է, թե ինչ դրական բան կարելի է քաղել ՀՀ-ից, քանի որ Ռուսաստանում նույնպես դրությունը բարդ է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» մամուլի ակումբի