Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյանը Փաշինյանի վարչապետ ընտրելու մասին. «Վաղվա քվեարկությունը արժանապատվության հարց է»

Ապրիլ 30,2018 15:13

«Շատ կարեւոր ճակատամարտում բացարձակ հաղթանակ ենք տարել, բայց պատերազմը դեռ շարունակվում է, որովհետեւ շարժումը հրապարակից տեղափոխվել է խորհրդարան»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց արձակագիր Կարինե Խոդիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ հիմա, երբ շարժումը տեղափոխվել է խորհրդարան, Փաշինյանն ու նրա համախոհները պետք է որ վտանգ տեսնեն, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է. «Երբ Սերժ Սարգսյանը գնաց Նիկոլի հետ բանակցելու, ինչ-որ 6-7%-ի  մասին խոսեց՝ չտեսնելով՝ հրապարակը լիքն է, հիմա նույն իրավիճակը խորհրդարանում է: Հանրապետականները, որքան հասկանում եմ, ասել են՝ չեն խոչընդոտելու, բայց իրենք չեն զիջելու, մինչեւ վերջ գնալու են ինչ-որ բան պահելու ձգտումով: Նրանք չեն տեսնում, որ մարդիկ փոխվել են, իրավիճակ է փոխվել»:

Ասուլիսի մասնակից հեռուստալրագրող Լուսինե Բադալյանն էլ հեղափոխական շարժման մասին ասաց, որ ինչ-որ անհասկանալի համընդհանուր խուճապ էր տեսնում. «Վերջին շրջանում տարբեր տեսակի վերլուծություններ են լինում, անգամ պատուհանի տակ քաղաքականություն էին քննարկում: Մի բան պարզ է՝ մարդկության պատմության մեջ կարող ենք պարծենալ, որ այսպիսի հեղափոխություն է եղել: Ես հեգնանք եմ տեսնում կառավարամետ բլոգերներից ու լրագրողներից, թե՝ հեսա կտեսնեք, ինչ է լինելու»:

Կարինե Խոդիկյանի ներկայացմամբ՝ «Բանալին գտնվում է ՀՀԿ-ի ձեռքում, կամ չի ապահովում այդ 6 ձայնը, որի առնչությամբ կասկածներ ունեմ՝ մինչեւ փաստը չլինի: Կամ ՀՀԿ-ն ձայնը չի տալիս 2-րդ անգամ եւ ԱԺ-ն ինքնարձակվում է, ու ՀՀԿ-ն անցկացնում է նոր ընտրություններ: Այստեղ վտանգ կա՝ լծակներն իրենց ձեռքում են, ջարդելով կփորձեն հետ բերել իշխանությունը: 2-րդ տարբերակը՝ գուցե իրենք անցկացնում են Նիկոլ Փաշինյանին: Եթե անցնի Փաշինյանը, պետք է առնվազն 2 ամսում արտահերթ ընտրություններ անցկացնի»: Հակառակ դեպքում, ինչպես Խոդիկյանն ասաց, խնդիր կլինի, քանի որ այստեղ իշխանության, ֆինանսների պատերազմ է. «Մենք պետք է շարունակենք Փաշինյանի կողքին լինել»:

Տիկին Խոդիկյանի խոսքերով՝ դե ֆակտո հեղափոխությունը եղել է, հիմա հեղափոխությունը մտնում է ինստիտուցիոնալ դաշտ. «Եվ քանի որ ՀՀԿ-ն ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը չափել-ձեւել է իր համար, ուզում եմ ասել՝ ժողովուրդ, մի՛ թուլացրեք ձեր ճնշումը, չմտածեք հաղթել եք արդեն, դուք հաղթել եք առայժմ»:

Ըստ արձակագրի, Փաշինյանը շատ գրագետ քաղաքականություն էր տանում եւ ամեն ինչ կշռադատված էր անում. «Այն, որ հայտարարեց՝ Երեւանը հանգստանում է, գնում ենք Գյումրի եւ Վանաձոր, դա շախմատային լուրջ քայլ էր, նույնիսկ նախկին շախմատիստը երեւի մատը կծեց: Այնտեղից Փաշինյանը ցույց տվեց, որ միայն Երեւանը չէր մեզ հետ: Գիտեք, հեղափոխության հայտնի կետեր կան գրված, այստեղ ոչ մի նմանություն չկար: Նիկոլը, եթե ժամանակ ունենա, պետք է գրի հեղափոխության կետերը»:

Խոդիկյանն ասաց, որ շատ խնդիրներ ու խութեր կան, եւ Փաշինյանը մինչեւ արտահերթ ընտրությունները, եթե կոստյում հագնի ու սափրվի, դեռ «կամուֆլյաժով» ու ուսապարկով գործեր ունի անելու: Պետք է գնալ առաջ եւ ՀՀԿ-ի քաղաքական անվերապահ կապիտուլյացիան անել»:

Արձակագիրն ասաց, որ հիմա մի պահ է, երբ պատգամավորները պետք է քվեարկեն ժողովրդի միասնական թեկնածուի օգտին՝ գիտակցելով՝ հաշվետու են ժողովրդի առաջ. «ՀՀԿ-ին հիմա դժվար է. այսքան տարի այնպես իշխել, «հաբռգել», ամեն ինչ Մելիք Ադամյանով անցկացնել, «մեր դեմ խաղ չկա»-ի մշտական հանգերգը երգել, անփոխարինելի եւ այլն, ու հայտնվել այսպիսի աննախանձելի վիճակում: Վաղվա քվեարկությունը հնարավորություն է, արժանապատվության հարց է, որ զգան փողոցում կանգնած մարդկանց շունչը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30