«Կարեւոր է չմոռանալ ղարաբաղյան հակամարտության մասին, քանի որ որքան երկարում է չհանգուցալուծված վիճակը Հայաստանում, այնքան Ադրբեջանը կարող է գայթակղվել եւ սրել իրավիճակը Արցախում»,- խորհրդարանում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը հիշեցրեց ՀՅԴ-ի տեսակետը` այս փուլում՝ առաջադրվելու պարագայում, սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Մենք շատ հստակ հասկանում ենք, որ վարչապետ դառնալուց հետո նոր իրավիճակ է առաջանալու Հայաստանում եւ այդ իրավիճակի մասին ենք խոսել: Բացի այս հանդիպումը՝ ես երկու անգամ արդեն հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ եւ մեզ համար սկզբունքային մի քանի հարցերի հետ կապված խոսակցություն ունեցել ենք: Բովանդակային առումով մեր մոտեցումներում տարբերություններ լուրջ չունենք»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Նա չցանկանալով շատ բացել փակագծերը, միայն ասաց, որ սկզբունքային մոտեցումները վերաբերում են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղություններին եւ մոտեցումների համադրությունը ցույց է տվել, որ լուրջ տարաձայնություններ չկան:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով էլ ասաց. «Չենք կարող Սահմանադրությունը ծալենք դնենք մի կողմ եւ խոսենք ցանկություններից: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք է միասին, համախոհությամբ այդ խնդիրը լուծել: Մենք պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ բոլորը կարողանան մասնակցել եւ որի արդյունքները որեւէ մեկը կասկածի տակ չկարողանա դնել: Իսկ դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, որոնք այսօր կատարված չեն: Արտահերթ ընտրությունների պետք է գնալ նախապատրաստված: Ոչ ոք այսօր չի կարող ասել, թե ինչքան ժամանակ է պետք «Ընտրական օրենսգրքի» փոփոխության համար»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ