Երբ մասնագիտության ու աշխատանքի բերումով հաճախակի հայտնվում եմ քաղաքագիտական բանավեճերի կենտրոնում՝ հաճախակի ստիպված էի լինում անկեղծանալ ուսանողների հետ: Ցավով ստիպված էի նրանց խոստովանել, հին պետականության ավանդույթներ ունեցող հայ ազգը այսօր լուրջ խնդիր ունի, զգացվում է պետական մտածողության և պետականության նկատմամբ հարգանքի կորուստ: Պետական քաղաքական էլիտայի մոտ, գյուղապետից սկսած մինչ կառավարություն որոշումների ընդունումն ու իրագործումը պայմանավորված չէր ազգային շահն առաջ տանելու հաստատակամությամբ ու պետության ապագայի գիտակցությամբ: Այս իրողության երկարատև գոյությունը անշուշտ ավարտվում է պետության կորուստով:
Փառք աստծո, կարծես թե Հայաստանի քաղաքական էլիտայի դեմքը սրընթաց փոխվում է: Ժողովրդային շարժման ղեկավարությունը գնում է խաղաղ և անարյուն հեղափոխության ուղիով: Իշխող խավը կամավոր զիջում է քաղաքացիական կործանարար պատերազմից խուսափելու համար: Զինվորական ու ոստիկանական հրամանատարությունը պահպանում է չեզոքություն: Քաղաքական ուժերի ղեկավարները, գիտակցելով ազգային անվտանգության առաջնահերթությունները, հետին պլան են մղել իրենց նեղ կուսակցական շահերը: Խելամտորեն օրակարգից հանվել է արտաքին քաղաքական կողմնորոշումների շուրջ վտանգավոր բանավեճը: Մերժվում է նախկինների հանդեպ վենդետայի կոչը: Համընդհանուր սրտացավություն կա պետական գույքի հանդեպ:
Երևի թե կարելի է շարունակել թվարկումն այն բեկումնային իրողությունների, որոնք վկայում են նոր քաղաքական, հայկական դիմագծով մշակույթի ձևավորման մասին:
Կուզեմ հավատալ, որ այս ամենը պահպանվելու է, այսուհետ ստիպված չեմ լինելու խոսելու պետականության գենի մարման մասին:
Գարիկ ՔԵՌՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ