Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատավորը ՀՀԿ-ին կոչ է անում Սերժ Սարգսյանի նման վեհանձն քայլ անել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի նման ամբարտավան կեցվածք ընդունել

Ապրիլ 30,2018 14:08

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով վաղը՝ մայիսի 1-ին, սպասվող վարչապետի ընտրության մասին, կարծիք հայտնեց, որ եթե վաղը քվորումը չապահովի, երկրում ճգնաժամը՝ այդ թվում քաղաքական եւ սահմանադրական, կխորանա. «Իշխանությունը, ի դեմս ՀՀԿ- ի, իրենց շախմատային պարտիան կամ կհանձնվի կամ հաշտություն կկնքի եւ ի դեմս կոնսենսուսի, որը, իհարկե, արդեն, Նիկոլի հետ որոշելիքն է, եւ ճգնաժամը չի խորանա»: Հակառակ դեպքում, եթե վաղը ընտրությունը տեղի չունենա, մեծ վնասներ կպատճառվի պետությանը, տնտեսությանը, ժողովրդին եւ ամեն ինչ անկառավարելի ընթացք կունենա:

Նախկին դատավորը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի ընտրություններին. «Ես կխնդրեի, որ ՍերԺ Սարգսյանի գլխավորությամբ եւ օրինակով վեհանձն քայլ անեն, ոչ թե Քոչարյանի պես, որը ամբարտավան խոսքեր ասաց: Թող ՀՀԿ-ն հայտարարի բաց որ սատարելու է Նիկոլ Փաշինյանին, այդպիսով կհաղթի ժողովուրդը, կհաղթի պետությունը, նույնիսկ՝ հանրապետականները: Նրանք, ըստ էության պարտվեցին, բայց բարոյապես իրենց ճիշտ են պահում: Ե՛վ ժողովրդի ատելությանը չեն արժանանա ե՛ւ ժողովրդի համար «իզգոյներ» չեն դառնա: Հակառակ դեպքում այդ երիտասարդների ձեռքից չեն պրծնի»:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը գտնում է, որ այս իրադարձություններում ամենավատն իրեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դրսեւորեց. «Այն, ինչ նա կատարեց այս մեկուկես տարվա ընթացքում՝ մշակույթի, գիտության, կրթության հետ, դա պարզապես ահավոր մի երեւույթ է: Մարդ, որ առաջարկում էր վաճառել Գիտությունների ակադեմիայի շենքը: Հայաստանի հանրապետության պաշտոնյաները պետք է լինեն մարդիկ, որոնք այս ժողովրդին են հասկանում, այս մշակույթն ու կրթությունն են հասկանում: Օրենսդրական դաշտում մի այնպիսի բան է արված, որ դժվար է խելքի բերել: Նա իրեն համարում է մենեջեր՝ նստած գազի խողովակի վրա: Նա համարում էր, որ մշակույթը, կրթությունը ժամանց է՝ փող կբերեք լավ կլինի: Ջութակ-մութակ գցեք մի կողմ»:

Ըստ պարոն Բաբայանի, ՀՀԿ-ում էլ «հոյակապ» կադրեր կան, եւ Կարեն Կարապետյանի կարիքը չկա:

Հարցին, եթե Սերժ Սարգսյանը չհավակներ վարչապետի պաշտոնին կսկսվե՞ր այս շարժումը, պարոն Բաբայանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը բռնեց ճիշտ տեղից, եթե այդ էլ չլիներ, միեւնույն է վաղը մյուս օրը ուրիշ բանից կպայթեր: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանն արդեն Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին է խոսում, դա հնարավո՞ր է, պարոն Բաբայանը պատասխանեց, որ եթե մենք այնպիսի երկիր են ուզում, ինչպիսին որ պատկերացնում ենք, ապա նման հարցերը պետք է լուծեն անկախ դատարանները:

Վանո Սիրադեղյանի առնչությամբ Պարգեւ Օհանյանն ասաց. «Մենք շատ հաջողությամբ իրար հետ խառնում ենք քաղաքականն ու ընկերականը: Վանո Սիրադեղյանի գործից լավ տեղեկացված չեմ, բայց եթե քաղաքական խնդիրը չկա եւ նա կարող է վերադառնալ, դա չի նշանակում, որ, եթե նա, իրոք, ինչ-որ արարքներ է կատել, պիտի համաներում անեն, ոչ, համաներումը այդպես, միանձնյա չի արվում: Ես ողջունում եմ, որովհետեւ այդ տեռորը պիտի վերանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30