Հայաստանում ծավալված ընդդիմադիր շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Արևմուտքի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, Արցախի հիմնահարցի, Հայաստանի կառավարման կարգի մասին և մի շարք այլ թեմաներով:
Ռուս պատգամավորների հետ հանդիպման մասին
Մենք պարզապես կարծիքներ ենք փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների մասին, ես ներկայացրել եմ մեր տեսակետները ապագայում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, և մենք խոսել ենք այն մասին, որ այսօր ընթացող քաղաքական գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չկա, և չկա ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն:
Ընդհանրապես ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական ռևերսները շատ վտանգավոր են ցանկացած երկրի համար, և մենք պատրաստվում ենք հետևել բոլոր միջազգային պարտավորություններին, որոնք Հայաստանն այժմ ունի և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի մասով, բայց դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե այդտեղ ոչ մի խնդիր չկա քննարկելու և լուծելու:
Մենք պատրաստվում ենք բոլոր այդ հարցերը քննարկել մեր ռուս գործընկերների հետ և վստահ ենք, որ այդ բոլոր հարցերում մենք միասնական կարծիքի կգանք:
Եվրամիության հետ հարաբերությունների մասին
Եվրամիության հետ հարաբերությունների առումով մենք ունենք ստորագրված և վավերացված պայմանագիր, և մենք պատրաստվում ենք այդ պայմանագիրը ևս կյանքի կոչել:
Ես չեմ կարծում, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կարող է ինչ-որ առումով սպառնալ երկրի անվտանգությանը: Մենք պատրաստվում ենք բարելավել և խորացնել հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ եվրասիական գործընկերների, և՛ ՀԱՊԿ գործընկերների, և՛ Եվրոպական միության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ ընդհանրապես, բոլոր գործընկերների հետ, բայց մենք դա պատկերացնում ենք այսպես. չպետք է մեկը տեղի ունենա մյուսի հաշվին:
Դա ամենակարևորն է, քանի որ Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, և մենք պատրաստվում ենք մեզ պահել որպես ընտանիքի արժանի, ինքնիշխան անդամ:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Դա խնդիր է, որը մշտապես քննարկվել և քննարկվում է, և ես հույս ունեմ, որ այդ հարցով էլ մենք լավ և արդյունավետ երկխոսություն կունենանք ռուս գործընկերների հետ, քանի որ Ռուսաստանում նույնպես հասկանում են այդ հարցի ողջ լրջությունը, և նրանք էլ, կարծում եմ, պատրաստ են այդ հարցով երկխոսության:
Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության մասին
Ես կարծում եմ, որ Հայաստանն անկախ երկիր է, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, այդ թվում տնտեսական գործերին, և Հայաստանի տնտեսության զարգացման հարցը պետք է լուծենք մենք: Եվ վերջ:
Ես համոզված եմ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որևէ այլ երկիր չի խոչընդոտում Հայաստանի տնտեսական զարգացմանը: Դա մեր գործն է: Եթե մենք խնդիրներ ունենք այդ ոլորտում, այդ խնդիրները մենք ինքներս ենք ստեղծել, ոչ այլ մեկը:
Շատերն այսօր արևմտյան մամուլում ինձ ներկայացնում են որպես արևմտամետ քաղաքական գործիչ: Ես բազմիցս ասել եմ՝ ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ. ես հայամետ քաղաքական գործիչ եմ, և դա իմ դիրքորոշման իրական գնահատականն է:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, այո՛, ես դեմ էի Հայաստանի անդամակցությանը, բայց Հայաստանն այժմ ԵվրԱզԷՍ անդամ է, և դա փաստ է: Եվ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի այդ փաստի հետ:
Ես միշտ ասել եմ, որ կտրուկ շարժումներ աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում շատ և շատ անբարենպաստ են՝ հատկապես հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային դրությունը:
Ռուս պատգամավորների հետ հանդիպման տպավորությունների մասին
Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Այո՛, իհարկե, մենք պետք է դեռ շատ քննարկենք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակում, դա կլինի կառուցողական երկխոսություն: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Ես ռուս գործընկերներին ասել եմ, որ չեմ կարծում՝ այստեղ որևէ խնդիր չկա, այդ խնդիրները մենք պետք է քննարկենք: Ես ասում եմ, որ ռևերս չի լինի: Այս գործընթացում չկա որևէ աշխարհաքաղաքական դավադրություն և ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ:
Այս գործընթացը, մեր շարժումը մաքուր ներհայկական գործընթաց է, այստեղ խառնված չէ որևէ արտաքին ուժ, և դա ես բոլորին երաշխավորում եմ: Եվ դա պարզապես ակնհայտ է, դա չնկատել պարզապես անհնար է:
Այլ երկրների դեսպանների հետ շփումների մասին
Ես շփվել եմ Հայաստանում և՛ Եվրամիության դեսպանների, և՛ Միացյալ Նահանգների դեսպանի հետ, և նրանց հետ կառուցողական երկխոսություն եմ ունեցել: Նրանց դիրքորոշումը նույնն է, ինչ Ռուսաստանինը. ոչ մեկ չի միջամտում Հայաստանի ներքին գործերին:
Վարչապետի սպասվող ընտրությունների մասին
Ես հույս ունեմ, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետ կընտրի ժողովրդի թեկնածուին:
Ես հանդիպել եմ Հանրապետական խմբակցության ղեկավարի հետ, վաղը (ապրիլի 30-ին-aravot.am) հանդիպում կունենամ ամբողջ Հանրապետական խմբակցության կամ նրա ներկայացուցիչների հետ, և այդ ժամանակ կտեսնենք: Ամեն դեպքում, ասում են, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ մյուս խմբակցությունները պաշտպանեն իմ թեկնածությունը, նրանք չեն խոչընդոտի իմ ընտրությանը:
Ես կարծում եմ, որ իշխող կուսակցությունը որոշել է չառաջադրել իր թեկնածուին, քանի որ բոլորին հասկանալի է Հայաստանում քաղաքական իրավիճակը:
Ակնհայտ է, որ քաղաքացիների 90 տոկոսը և ավելին, Հայաստանի բնակիչները և ամբողջ սփյուռքը աջակցում են մեր շարժմանը, և ես կարծում եմ, որ Հանրապետական քաղաքական ուժը պարզապես իրատեսական գնահատական է տվել Հայաստանում այսօր ձևավորված քաղաքական իրավիճակին:
Ի՞նչ կլինի, եթե թեկնածուն չանցնի
Հարցը թեկնածության մեջ չէ. հարցը խնդրի մեջ է. այսինքն` մենք ուզու՞մ ենք լուծել ճգնաժամը, թե՞ ոչ: Եթե ճգնաժամը չհարթվի, այն կխորանա. դա է խնդիրը: Իսկ ճգնաժամը հաղթահարելու միակ ուղին է՝ վարչապետ ընտրել ժողովրդի թեկնածուին:
Եթե դա տեղի չունենա, կշարունակվեն նույն գործողությունները՝ խաղաղ ցույցերը:
Լեռնային Ղարաբաղի մասին
Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ երկխոսության ճանապարհով: Դուք գիտեք, որ Ադրբեջանը բազմաթիվ տարիների ընթացքում իրեն պահում է շատ ագրեսիվ, և դա բացասական ֆոն է ստեղծում երկխոսության համար: Երբ ամեն օր մենք Ադրբեջանից լսում ենք, որ մենք պատրաստվում ենք պատերազմ սկսել Հայաստանի դեմ, մենք պատրաստվում ենք գրավել Երևանը, ինչպե՞ս կարող է կառուցողական երկխոսություն լինել այդ մթնոլորտում:
Այժմ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապիտուլյացիան է: Դա անհեթեթություն է, դա ապակառուցողական մոտեցում է: Եվ ես կարծում եմ, որ առաջինը, որ պետք է անել, ստեղծել համապատասխան մթնոլորտ երկխոսության, բանակցությունների համար: Մենք կարծում ենք, որ դա պետք է պարտադիր կերպով անել: Ե՛վ Հայաստանը, և՛ ընդհանրապես, միջազգային հանրությունը այդ մասին պետք է ինչ-որ եզրակացություններ անեն: Երբ նրանց նպատակն է ոչնչացնել Հայաստանը, և նրանք ոչ մի այլ բանի մասին չեն ցանկանում խոսել, ոչինչ չեն ցանկանում լսել: Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններում խոսում է Երևան մտնելու ծրագրերի մասին:
Հայաստանը միշտ տրամադրված է եղել երկխոսության, և միշտ Հայաստանի ցանկացած իշխանություններ այն կարծիքին են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, և մենք պետք է բացառենք այնպիսի հռետորաբանություն, որից կարելի է եզրակացնել՝ ինչ-որ մեկը պատրաստվում է այդ հարցը լուծել ուժով:
Նման բան չպետք է լինի: Չէ՞ որ սա 21-րդ դարն է, և մենք քաղաքակիրթ երկրներ ենք, համենայն դեպս՝ Հայաստանը: Հույս ունեմ, դուք դա տեսել եք վերջին 20 օրերին:
Բայց դա չի նշանակում, որ քաղաքակիրթ լինելը պետք է մեկնաբանել որպես թուլություն: Եթե Լեռնային Ղարաբաղում որևէ սադրանք լինի Ադրբեջանի կողմից, մենք բոլորս մի կողմ կդնենք մեր ներքաղաքական հարցերը և կզբաղվենք միայն մեր հայրենիքի պաշտպանությամբ:
Կառավարման նախագահական կարգի մասին
Հարցը ոչ թե կառավարման ձևն է, այլ կառավարման էությունն ու բովանդակությունը: Միշտ կարելի է վիճել՝ BMW-ն է ավելի լավը, թե Mercedes-ը, բայց խնդիրը դա չէ, այլ այն՝ ինչպես ենք մենք պատրաստվում վարել, ինչ կանոններով ենք պատրաստվում վարել այդ մեքենան, քանի որ երկուսն էլ լավն են:
Ինձ համար դա ոչ թե ձևի հարց է, այլ բովանդակության: Կարելի է ունենալ իրական ժողովրդավարություն, օրենքի իրական գերակայություն, իրական տնտեսություն, որոնք կզարգանան կառավարման թե՛ մեկ, թե՛ մյուս ձևով: Գլխավորը բովանդակությունն է:
Մենք ունենք մեկ ռազմավարական հարց. եթե մենք կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում անցկացվեն իսկապես ազատ ընտրություններ. ահա սա է հարցի էությունը:
Օրենքի իրական իշխանություն. սա է հարցի էությունը: Կպաշտպանվեն մարդու իրավունքները. սա է հարցի էությունը: Մարդկանց համար ի՞նչ տարբերություն՝ կառավարման ինչ կարգով իրենց համար կապահովվի հավասար հնարավորություններ՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Գերմանիան, օրինակ, խորհրդարանական երկիր է, Ֆրանսիան՝ նախագահական:
Ի՞նչ կլինի ընտրվելու դեպքում
Ես պարտադիր կերպով կապահովեմ ազատ ընտրություններ, դրա համար ես փորձում եմ հասնել նրան, որ վարչապետ ընտրվի և նշանակվի ժողովրդի թեկնածուն:
Դա միակ երաշխիքն է, որը կարող է ապահովել իրական դրական փոփոխություններ: Ակնհայտ է, որ հայերի մեծ մասը աջակցում է մեր շարժմանը, և ցանկացած այլ ընտրված վարչապետ չի վայելի ժողովրդի աջակցությունը:
Ցույցերի ժամանակ հնարավոր բախումների մասին
Եթե իմ օգտին չքվեարկեն, դա որևէ կերպով չի սպառնա երկրի անվտանգությանը, քանի որ երբ ժողովրդի ոգին և միասնականությունը շատ բարձր մակարդակի վրա է, դա կարող է ծառայել միայն ի նպաստ:
Դուք տեսում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում: Խաղաղ գործընթաց շատ բարձր մակարդակի վրա, և չպետք է սպասել ինչ-որ բախումներ, ոչ մի բախում չի լինի:
Ես ընդդիմադիր եմ կոռուպցիայի, անօրինականությունների, կամայականությունների նկատմամբ, և ես համոզված եմ, որ մենք կլուծենք այդ հարցերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ