Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ դուք ում մասին եք խոսում». Փաշինյանը չի՞ հիշում, թե ում էր քննադատում՝ «ըստ օդում կախված լուրերի» շարքով

Ապրիլ 30,2018 11:35

Ո՞րն էր շարժման հաջողության գրավականը, Սերժ Սարգսյանի՝ իրավիճակին չտիրապետելը, արտաքին ուժերի չմիջամտելը, թե՞ բոլորովին նոր բան: Այսօր ԱԺ-ում լրագրողների այս հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առայժմ չի կարող հետեւություններ անել, միգուցե շատ բաներ դեռ կողքից դիտարկելու անհրաժեշտություն կա:

ՀՀԿ-ի հետ Փաշինյանը բանակցությունների է պատրաստվում, թե ի՞նչ հորդոր է ուղղելու նրանց՝ Փաշինյանն ասաց, որ խոսք չի գնալու իրեն վարչապետ ընտրել-չընտրելու մասին, այլ՝ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու. «Եթե ընտրությունը չի լինում՝ ներքաղաքական ճգնաժամը խորանալու է»:

Հարցին՝ ձեզ պաշտպանելու են պատգամավորներ, որոնք, ըստ օդում կախված լուրերի, երկար տարիներ հարկային պարտավորություններից խուսափել են, հարկեր չեն վճարել, այդ քվեն ձեզ հետագայում չի՞ կաշկանդելու, որ նրանց բերեք հարկային դաշտ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի հասկանում, թե խոսքն ո՞ւմ մասին է։ Լրագրողը հստակեցրեց`Գագիկ Ծառուկյանի: Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, երաշխավորում եմ, որ ՀՀ-ում կլինի լիարժեք օրինականություն: Ես հիմա չեմ կարող որեւէ մեկի մասին հայտարարություն անել՝ մեղավորության կանխավարկածով»:

Լրագրողները զարմացան՝ Ձեր դիրքորոշումներում փոփոխությո՞ւն է եղել, մենք հիշում ենք ձեր քննադատական ելույթները տարբեր անձանց, նրանց կարողությունների մասին, իսկ հիմա կարծես խուսափում եք, մեղմացնում եք, ձեր կարգավիճա՞կն է ձեզ ստիպում այդպես վարվել՝ Փաշինյանը պատասխանեց. «Մեղմացման մասին չի խոսքը, երբ որ մենք իշխանություն լինենք, իշխանության թեւերի տարանջատումն ամենակարեւոր սկզբունքներից մեկն է: Երբ մի մարդը երկրում համ վարչապետ է, համ դատավոր է, համ դատախազ, համ քննիչ, համ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ են պրոբլեմները սկսում: Իշխանության թեւերի բնականոն գործունեությունը պետք է ապահովի, դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա: Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի: Ես չեմ պատրաստվում լինել եւ վարչապետ, եւ դատախազ, եւ քննիչ, եւ քրեակատարողական հիմնարկի պետ եւ այլն: Այսինքն, հակառակ դեպքում մենք կընկնենք էլի նույն դաշտ, երբ որ մի կետից որոշվում է ով է մեղավոր, ով՝ անմեղ, ով է ազատության մեջ մնալու, ով՝ ոչ»:

Այս օրերին համացանցում շրջանառվում էր Փաշինյանի նախկին հոդվածներից մեկը՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Լրագրողները հարցրեցին, թե խնդրի կարգավորման հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք: Փաշինյանը պատասխանեց, որ բազմիցս իր դիրքորոշումը ներկայացրել է եւ դա չի փոխվել. «Միջազգային ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում եմ սա ասել՝ Ադրբեջանի դիրքորոշումը ագրեսիվ է, ոչ կառուցողական եւ այս պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ նրանք պետք է գրավեն Երեւանը, մեր հիմնական խնդիրն է հետեւողականորեն ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտունակ ոգին, հանրության ընդհանուր տրամադրվածությունն ու երկրի պաշտպանունակությունը եւ Ադրբեջանին դրանով բերելու կառուցողական դաշտ»:

Փաշինյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նպաստեն, որ Ադրբեջանը վերջ տա իր ռազմական հռետորիկային եւ վերադառնա կառուցողական դաշտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30