Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միությունը ողջունում է մեր ժողովրդի կատարած այս հզոր քայլը, որը վերադարձրեց ինչպես քաղաքացիներին, այնպես էլ մեզ՝ վետերաններիս, հաղթողի արժանապատվությունը:
Ուրախ և հպարտ ենք մեր երիտասարդ սերունդով, որը, մեր խորին համոզմամբ, կկառուցի այն երկիրը, որտեղ ամեն մարդ կաշխատի իր տեղում, որտեղ ապրելը կհամարվի հպարտությունը ոչ միայն Հայաստանում ապրող քաղաքացիների, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության համար:
Նիկոլ Փաշինյանը, լինելով նույնիսկ ինքնազոհողության պատրաստ անհատականություն, վստահ լինելով ժողովրդի ազատ, արդար գենետիկ պահանջին, հույսի վերջին կաթիլը վերածեց հեղեղի և ցույց տվեց ոչ միայն ինչ պետք է անել, այլև ինչպես՝ օգտագործելով անցյալի պատմական փորձը:
Մեր վետերանների միությունն իր արժանապատիվ տեղն է զբաղեցնում վետերանների միջազգային կազմակերպության միլիոնավոր բարձր ինտելեկտով օժտված մասնագետների շրջանում: Եվ դա հայ գիտնականների և մասնագետների այն սերունդն է, որը 1993-95 թթ. իրագործելով Հայկական ատոմակայանի՝ աշխարհում իր նախադեպը չունեցող վեց ու կես տարի կանգնեցված ամենաբարդ տեխնոլոգիական հրաշքը, էներգիայի խաղաղ օգտագործման կայանքն արդեն 25 տարի անվտանգ և առանց էկոլոգիական բացասական հետևանքների ծառայեցնում է մեր երկրին:
Համոզված ենք, որ ծառայամիտ միհրանյանները ու իրենց տրեխավոր միլիոնատեր դարձած պատվիրատուները տեղեկացված չեն, որ հենց ռուսաստանցի մասնագետների և եվրոպացի մեր գործընկերների հետ են կատարվում Հայկական ատոմակայանի ծառայության ժամկետը և 10 տարով երկարաձգման աշխատանքները, ինչը ռուսական միջուկային տեխնոլոգիաների առավելության և ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների պատերազմում բարձր մրցունակության լավագույն վկայությունն է:
Հայաստան-Ռուսաստան փոխշահավետ գործնական հարաբերությունների ավելի հզոր ապացույց չենք կարող ունենալ, քան Հայաստանին սահմանակից Թուրքիայում /նույն սեյսմիկ ռիսկերի գոտում/ ռուսական սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմամբ ԱԷԿ-ի կառուցումը:
Մեր ատոմագետների միության անունից պահանջում ենք, եթե քո տրամաբանությունը բավարար կլինի հասկանալու, որ մեր բազմաչարչար ժողովուրդը ծայրահեղ շրջադարձային գործընթացում է, ուղղակի մի ընկեք ոտքի տակ, մի փորձեք մեզ խանգարել և սեպ խրել մեր ժողովուրդների անկեղծ բարեկամության մեջ, քանի որ բոլորս՝ մեծից մինչև փոքր, շատ լուրջ գործեր ունենք անելու, ինչը հնարավոր է միայն միջազգային համախմբման պայմաններում:
Շնորհավորելով մեր ժողովրդին հաղթանակի առաջին փուլի կապակցությամբ՝ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, միություններին, հատկապես ՀՀԿ-ին՝ Աշոտ Նավասարդյանի իրավահաջորդներին, երկրորդական համարել կուսակցական, անձնական շահերը, համախմբվել և լծվել նոր Հայաստան կառուցելու, մեր երկիրը վերակառուցելու հարցում երիտասարդներին օգնելու բարդ և աշխատատար գործին:
ԱԷՎՀՄ նախագահ Ս. Ազատյան