«Մենք լիարժեքորեն սատարում ենք ԼՂՀ իշխանություններին»,- խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, պատասխանելով Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է հայաստանյան ժողովրդական ալիքը տարածվի նաեւ Արցախում, այնտեղ էլ իշխանափոխություն իրականացնի, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները խնդրեցին հստակեցնել Արցախի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր դիրքորոշումը ինքը քանիցս է բարձրաձայնել:
Ըստ բանախոսի, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանը ու վերադառնա կառուցողական դաշտ: Այս պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են Երեւանը գրավելու հայտարարություններ, վարչապետի թեկնածուն ասում է`մենք պետք է հետեւողականորեն ուժեղացնենք մեր բանակը, բանակի մարտական ոգին: Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու միակ ճանապարհն, ըստ նրա, դա է:
Հարցերին`եթե ինքը դառնա վարչապետ, ո՞վ է բանակցություններ վարելու Ղարաբաղի հարցով, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոփոխության հարց դրվելո՞ւ է, բանակի վերաբերյալ նրա առաջարկած ծրագրերը`«Ես եմ», «Պատիվ ունեմ», որոնք քննադատվեցին հասարակական շրջանակներում, կասեցվելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց: Միայն ասաց, որ հիմա չի կարող ամենի մասին խոսել, բոլորին նշանակել կամ վերանշանակել: Առայժմ ինքը խնդիր է դնում համաժողովրդական վստահության պայմաններում նորմալ աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ