Այս օրերին շատ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերը, ուստի այսօր ԱԺ-ում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե լինեն իշխանություն, քայլեր կձեռնարկե՞ն Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ, բայց վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի:
Հարցին՝ վարչապետ ընտրվելուց հետք ի՞նչ քայլեր եք անելու, Փաշինյանն ասաց, որ եթե վաղվա ընտրությունը բարեհաջող անցնի, 15 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն: Նա վստահեցրեց, որ իրենք կադրային խնդիրներ չեն ունենա:
Խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին՝ Փաշինյանն ասաց, որ այդ էջը պետք է ամբողջովին բացահայտվի: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին այդ հարցով հարցաքննության կանչելո՞ւ եք, գուցե անհանգստացած է Քոչարյանը, դրա համար հարցազրույց է տալիս արդեն՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննության ընթանա»:
Հարցին՝ հնարավո՞ր է Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեք, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի՝ Փաշինյանը պատասխանեց, որ քննարկումները տեղի կունենան, ԱԺ-ում վարչապետի ընտրությունների արդյունքներով կգան եզրակացության:
Լրագրողները հիշեցրեցին, թե ինչ կարգախոսներով էր առաջ Փաշինյանը հանդես գալիս՝ ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը, Փաշինյանն էլ արձագանքեց, որ հիմա պետք է ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծեն. «Մենք պետք է հանգուցալուծենք այդ ճգնաժամը: Բոլոր այն խելամիտ քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն անել ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, այդ քայլերը կարվեն: Քննարկումների արդյունքներով կկայացնենք որոշումներ: Վաղը առաջին հերթին պետք է տեղի ունենան վարչապետի ընտրություններ՝ առանց նախապայմանների: Դա է կարեւորը՝ աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ