Ելնելով այն իրողությունից, որ
· Քաղաքական համակարգի փտածության հետևանքով պետությունը գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ,
· Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական հուժկու շարժումը բարեպատեհ հնարավորություն է ստեղծել որակապես նոր, արժանապատիվ, իրապես անկախ, ստեղծարար, առաջադեմ մոդելի պետություն կառուցելու համար,
· Ներկա Խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունների և քաղաքական կողմնորոշումների իրական պատկերը,
Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված ճգնաժամից ամենաշահավետ ելքը ՀՀ բազմահազար քաղաքացիների առաջադրած ներկայացուցչին ԱԺ-ում վարչապետ առաջադրելն ու հաստատելն է, ինչպես նաև բացառապես ժողովրդի ներկայացուցիչ վարչապետի առկայությամբ արտահերթ խորհրդարանական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը, ողջունելով և քաջալերելով ՀՀ Նախագահի քաղաքակիրթ պետականավարման երաշխավորի արդյունավետ մոտեցումներն ու գործունեությունը, Խորհրդարանում ներկայացված ուժերին հորդորում է հանձնվել քաղաքացիական շարժման վերոնշյալ պահանջներին, քանի որ միայն այդ հանձնվելն է, որ հաղթանակ է հանրային բոլոր շերտերի, Հայոց պետականության համար: Հատկապես իրենց պահպանողական համարող, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի Հանրապետական կուսակցության սկզբունքներին չդավաճանածներն այս եզրագծային պահին պարտավորություն ունեն վարչապետի պաշտոնում առաջադրելու ժողովրդի ընտրյալին և քվեարկելու նրա օգտին:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ