Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. «Մայիսի 1-ին կամ դրանից 7 օր հետո ընտրվող վարչապետը լինելու է ժամանակավոր վարչապետ»

Ապրիլ 30,2018 11:30

Մայիսի 1-ին ի՞նչ է մեզ սպասվում

ՀՀ Սամանադրության 149 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Իսկ Սահմանադրության 89 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն էլ՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություններ (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները:

5. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջեւ` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նորիկ Նորիկյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ի՞նչ ընթացակարգով կընթանա մայիսմեկյան ԱԺ նիստը:

– Իսկապես բացառիկ իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, որի հանգուցալուծումը, բոլոր դեպքերում, ցանկալի կլինի, որ իրականացվի Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում՝ հիմք ընդունելով քաղաքական իրողություններն ու ձեռքբերվող քաղաքական պայմանավորվածությունները։ Իմ խորին համոզմամբ, սա նոր Սահմանադրության համար քննության շրջան է։ Այն չդիմացավ քաղաքական այս իրավիճակին, եւ ցույց տվեց իր անկարողությունը։ Սա սահմանադրական ճգնաժամի ցցուն դրսեւորում է, երբ մի կողմից առկա է ժողովրդի միասնական դիրքորոշումն ու կամքը, մյուս կողմից՝ քաղաքական իշխանությունը ցանկանում է պահպանել իշխանությունը:

Գնալով համոզվում եմ, որ այս Սահմանադրության ճարտարապետները պետք է ներողություն խնդրեն ժողովրդից եւ դատվեն՝ պետությանը եւ մեր ժողովրդին այսպիսի մարտահրավերների առջեւ կանգնեցնելու համար: Տեսե՛ք, քաղաքական թիմի ղեկավարը հրապարակավ հրաժարական է ներկայացնում եւ հայտարարում, որ ինքը սխալվել է, իսկ հրապարակ դուրս եկած ժողովրդի փաստացի առաջնորդը՝ ճիշտ, սակայն նրա գնալուց հետո ֆորմալ առումով քաղաքական մեծամասնություն կազմող նրա թիմը ոչ միայն չի ցանկանում հետեւել իր ղեկավարի քայլին, այլեւ կամք է դրսեւորում՝ այդ իշխանությունը պահելու համար։ Սա ի՞նչ է, եթե ոչ սահմանադրական կարգավորման տիրույթից դուրս գտնվող իրավիճակ, որի հետեւանքն այս ճգնաժամն է:

Այդուհանդերձ, գործող իրավակարգավորումների շրջանակներում անհրաժեշտ եմ համարում նշել, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Սա նշանակում է, որ գործող Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի իրենց թեկնածուին։

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 54 եւ ավելի ձայն՝ նկատի ունենալով, որ պատգամավորների թիվը 106-ն է։ Իսկ եթե վարչապետ չի ընտրվում, այդ դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Սա նշանակում է, որ պայմանականորեն ասած 1-ին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում 106 պատգամավորների առնվազն 1/3-ի կողմից կարող է առաջադրվել վարչապետի թեկնածու, ով կարող է ընտրվել վարչապետ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե այդ դեպքում էլ որեւէ մեկը չստանա եւ ավելի ձայն, ապա Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով, եւ կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Այս պահին բացառել որեւէ սցենար, հնարավոր չէ, սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ մայիսի 1-ին կամ դրանից 7 օր հետո ընտրվող վարչապետը լինելու է ժամանակավոր վարչապետ, քանի որ ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծման միակ օրինական եւ տրամաբանական հանգուցալուծումը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որի արդյունքների հիման վրա էլ կձեւավորվի նոր իշխանություն, որը կարտահայտի ժողովրդի իրական տրամադրությունները։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30