Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների` գիտության հանդեպ հետաքրքրությունը ցածր մակարդակի վրա է, գիտնականների իմիջն՝ ընկած

Ապրիլ 30,2018 11:00

Հարցազրույց աստղագետ, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի
աստղադիտարանի տնօրեն, Միջազգային աստղագիտական միության Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն, Եվրասիական աստղագիտական ընկերության փոխնախագահ Արեգ Միքայելյանի հետ:

– Ինչպիսին են տպավորությունները՝ վերջերս Աբովյան քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 դպրոց այցելությունից հետո, աշակերտները որքանո՞վ են հետաքրքրված աստղագիտությամբ:

– Շատ դրական։ Այցելեցինք Աբովյան քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց, որտեղ հանրամատչելի դասախոսություն-զրույց անցկացրինք մի քանի դասարանների աշակերտների համար։ Տնօրենը շատ ջերմ ընդունեց։ Ներկա էին նաեւ մի քանի ուսուցիչներ։ Ներկայացվեցին Վիկտոր Համբարձումյանի նշանակալից հայտնագործությունները, Բյուրականի աստղադիտարանի ներկայիս հաջողությունները, աստղագիտության առկա հրատապ խնդիրները։ Վերջում հետաքրքրվող երեխաների համար աստղագիտական թեստեր անցկացվեցին, որոնց հիման վրա ընտրվելու են Բյուրականյան գիտաճամբարի մասնակիցներ։ Ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ։

– Հունիսին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվելու է գիտաճամբար, նպատակը, ի՞նչ ծրագիր է լինելու եւ ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները:

– Սա արդեն 5-րդ գիտաճամբարն է։ Նախաձեռնել է մեր աշխատակից, հանրային ծրագրերի համակարգող Սոնա Ֆարմանյանը։ Նպատակն է երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի գիտությունը։ Քանի որ այն անցկացվում է Բյուրականի աստղադիտարանում, առավելապես ներկայացվելու են աստղագիտական դասախոսություններ եւ գործնական պարապմունքներ, սակայն ծրագիրը հարուստ է նաեւ այլ բնական գիտություններին վերաբերող դասախոսություններով եւ մշակութային միջոցառումներով։ Մասնակիցներն ընտրվում են գիտության, մասնավորապես աստղագիտության նկատմամբ ունեցած վերաբերմունքի հիման վրա, բազմակողմանի հետաքրքրությամբ, երբեմն հաշվի է առնվում լեզուների իմացությունը։ Բայց անպայման հաշվի ենք առնում տարբեր մարզերի ներգրավվածությունը։ Ծրագիրը նույնպես իրականացվում է Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ։

– Գիտաճամբարի նախկին մասնակիցների հետ հետագայում կապ պահպանվո՞ւմ է, ինչպե՞ս: Ի՞նչ ծրագրերի մեջ են նրանք ներգրավվում:

– Այո, շատերը դառնում են մեր անբաժան ընկերները, գրում են, մասնակցում մեր ֆեյսբուքյան էջերին եւ խմբերին։ Մի քանիսը կրկնակի մասնակցել են գիտաճամբարներին։ Խրախուսվում է որպես կազմակերպիչների օգնական մասնակցելը։

– Խնդրում եմ խոսեք նաւ Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադաներին Հայաստանի աշակերտների մասնակցության մասին…

– Հայտնի է, որ միջազգային աստղագիտական օլիմպիադաներում մեր պատանիներն ու աղջիկները փայլուն են հանդես գալիս։ Թերեւս պարադոքս է, որ դպրոցական ծրագրում աստղագիտություն առարկան չկա (ֆիզիկայի դասընթացում մի բաժին է), բայց ՀՀ ԿԳՆ առարկայական օլիմպիադաների ցանկում ընգրկված է, եւ այդքան հաջող ենք հանդես գալիս։ Այստեղ պետք է նշեմ մեր օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանի դերը եւ վաստակը։ Սակայն ցավալի փաստ է, որ այդ երեխաներն այնուհետեւ հազվադեպ են ուսումը շարունակում Հայաստանում, ցավալի է, քանի որ նրանք արդեն մեր կադրերը չեն լինում։ Ասեմ նաեւ, որ այդ տաղանդավոր երեխաները ոչ միայն աստղագիտությունից են ուժեղ. եղել են դեպքեր, որ նույն աշակերտը հաջողությամբ մասնակցել է աստղագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի օլիմպիադաներին։

– Աստղագիտությամբ հետաքրքրված եւ տարբեր ծրագրերում ներգրավված հայաստանցի ուսանողների եւ երիտասարդների մասին ի՞նչ կասեք:

– Վերջին տարիներին մեզ մոտ երիտասարդ կադրերի պակասն առանձնապես զգալի է։ Կարծում եմ՝ ընդհանրապես Հայաստանում երիտասարդների մոտ հետաքրքրությունը դեպի գիտություն շատ ցածր մակարդակի վրա է։ Այդ պատճառով ենք փորձում այդքան լրացուցիչ ծրագրեր իրականացնել։ Բյուրականի աստղադիտարանում ներկայումս աշխատում է 16 երիտասարդ գիտաշխատող, դա բոլոր գիտաշխատողների 40 տոկոսն է։ Կարծես թե քիչ չէ։ Եվ մենք, տնօրինությունը, բոլոր ավագ գործընկերները, փորձում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծել թե ակտիվորեն գիտական ծրագրերի մեջ ընդգրկվելու եւ թե լրացուցիչ վաստակելու համար (ինչի շնորհիվ աշխատավարձը կրկնապատկվում, եռապատկվում եւ նույնիսկ քառապատկվում է)։ Հաճախակի են արտասահմանյան գործուղումները. մեր երիտասսրդները պարբերաբար այցելում են Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների աստղագիտական կենտրոնները, մասնակցում ամառային եւ ձմեռային դպրոցների եւ գիտաժողովների։ Երիտասարդներին ապավոհում ենք ծառայողական բնակարաններով. սա մանավանդ զգալի օգնություն է հեռավոր մարզերից ժամանածների համար, քանի որ, օրինակ, Երեւանում աշխատելու դեպքում պետք է բնակարան վարձեին։

– Եվ հարց, որի մասին կուզենայիք խոսել…

– Չնայած բոլոր հարցերը երիտասարդներին էին վերաբերում, սակայն կուզեի խոսել նաեւ հասարակության մեջ գիտնականի կերպարի (իմիջի) եւ դերի մասին։ Դե սա էլ մասնակիորեն նույնպես երիտասարդներին եւ դեպի գիտություն նրանց հոսքին է վերաբերում։ Մեզանում կտրուկ ընկել է գիտնականի իմիջը։ Սա անթույլատրելի է, չնայած գիտակցում եմ նաեւ մեր մեղքը։ Պատճառները մի քանիսն են. մեր հասարակության մեջ արժեքների սխալ վերաբաշխումը, մարդկանց մոտ խիստ պրագմատիկ մտածելակերպը, գիտության մեջ ցածր պետական աշխատավարձերը, գիտության ոչ բավարար լուսաբանումը, գիտնականների կողմից գիտահանրամատչելի գործունեության բացակայությունը, կրթության եւ գիտության ոչ բավարար կապը՝ դպրոցից մինչեւ համալսարան եւ գիտական հաստատություն, գիտության եւ տնտեսության կապի համարյա բացակայությունը (ավելի շատ պայմանավորված միջանկյալ օղակի բացակայությամբ), գիտնականների հասարակական պասիվությունը (թեկուզ վերջին իրադարձությունների կապակցությամբ)։

Այս բոլորն էլ կան ու տարբեր չափով բերել են ներկայիս իրավիճակին։ Գուցե այլ պատճառներ էլ գտնենք։ Բոլոր ուղղություններով էլ պետք է աշխատել, գոնե որեւէ բան փոխել։

Զրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

28.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30