Euromag ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ճանաչել է շաբաթվա մարդ: Այդ մասին տեղեկանում ենք ամսագրի կայքից:
«Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ նախկին նախագահ եւ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նա կարողացավ տասնյակ հազարավոր մարդկանց փողոց հանել, որոնք հասան իշխանությունների կողմից իրենց հանդեպ հարգանքին: Պայքարը, սակայն, ավարտված չէ»,- գրում է euromag.ru-ն:
Պարբերականի փաստմամբ` շաբաթվա կարեւորագույն իրադարձություններից մեկը դարձավ Հայաստանում թավշյա հեղափոխությունը, որի ժամանակ փողոց դուրս եկած մարդիկ կարողացան առանց որեւէ կրակոցի հասնել վարչապետի հրաժարականին:
euromag.ru-ը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը նախագահել է 2008-ից, իր նախագահության տարիներին փոխել երկրի Սահմանադրությունը՝ հօգուտ վարչապետի լծակների հզորացման, ապա նոր առաջադրվել վարչապետի պաշտոնում:
«Նույն մարդու՝ նման կերպ եւ նման ժամկետով պաշտոնավարումը չէր կարող դուր գալ ՀՀ քաղաքացիներին, ինչի արդյունքում էլ սկիզբ առան բողոքի ցույցերը: Դրանք ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- փաստում է euromag.ru-ն:
Պարբերականն անդրադարձել է նաեւ Սարգսյան-Փաշինյան հանդիպմանը, չստացված բանակցություններին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստում առկա հետեւյալ ձեւակերպմանը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:
Նշվում է նաեւ, որ նման հզոր ցույցեր եղել են 1980-ականներին` ի պաշտպանություն ինքնորոշված Արցախի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ