Այսօր հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ վաղվա անելիքների մասին. «Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսը անցկացրել եմ փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում եւ ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսը անցկացնել գրասենյակային պայմաններում: Վաղն առավոտից ես շատ կարեւոր աշխատանք ունեմ անելու ԱԺ-ում: Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջարկած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է: Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատեմ, եթե իմանամ, որ ՀՀ տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, իսկ ես սենյակներում քննարկումների եմ մասնակցում»:
Նա հորդորեց վաղը նորից դադար վերցնել եւ քաղաքացիական անհնազանդության որեւէ գործողություն չիրականացնել, որպեսզի հնարավորություն ունենա իրենց թիմով ԱԺ-ում քաղաքական կոնկրետ աշխատանքն ավարտին հասցնել՝ դե ֆակտո հաղթանակի դե յուրե արձանագրումը երաշխավորելու համար:
Նա ասաց, որ բոլոր ՀՀԿ-ական պատգամավորներին դադարեն զանգել, հաղորդագրություններ ուղարկել, նամակներ ուղարկել ու նրանց առաջ պահանջներ դնել, քանի որ վաղը ինքն է հանդիպելու նրանց հետ:
Փաշինյանն ասաց, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կպատմի բանակցությունների արդյունքների մասին եւ անելիքները կորոշեն այդ ժամանակ՝ կախված իրավիճակից:
Նա ելույթի վերջում հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը՝ պատասխանատու ձեւով եւ ծառայել ՀՀ-ին, ծառայել ՀՀ ժողովրդին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ