«Մայիսի մեկը տոն է լինելու: Մարզերի բնակիչներին, բոլորին կոչ ենք անում՝ եկեք այդ օրը Երեւան, որ տոնենք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալը»,-Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» շարժման եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ այդ օրն ԱԺ-ում սպասվում է վարչապետի քվեարկություն: «Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելն ունի մեկ նպատակ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»,-հավելեց Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ ըստ Փաշինյանի այսօրվա հայտարարության՝ վարչապետի պաշտոնում նա պատրաստվում է արտահերթ ընտրություններ նախաձեռնել:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանն էլ հայտարարեց. «Ոմանք ասում են, թե այս հրապարակում կան հակառուսական տրամադրություններ, անգամ համեմատում «մայդան»-ի հետ: Եթե նախկին իշխանությունների ապաշնորհ ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով որոշ սոցիալական խմբերի մոտ առաջացել են հակառուսական տրամադրություններ, ապա ժողովրդի իշխանության դեպքում դա ուղղակի բացառվում է»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն է; ընդգծեց՝ նախկինում պաշտոնյաներից շատերն են ապօրինի գործողություններ կատարել, բայց իրենց շարժումը «վենդետա»-ներով չի առաջնորդվելու. «Բայց եթե որեւէ մեկը համարձակվի օրենք խախտել, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ, դիմելով ցուցարարներին, ասաց. «Շատերը հարցնում են՝ կոմունալները վճարե՞ն, թե շարունակեն բոյկոտել: Դա ոչ թե կամակորություն է, այլ անհնազանդության խաղաղ դրսեւորման միջոցներից մեկը: Նաեւ այդ կերպ կարող եք այս ռեժիմին բերել հաշվետու եւ համեստ լինելու ճանապարհի վրա: Երբ Նիկոլ Փաշինյանին կընտրեն վարչապետ, մի մարդու նման վճարենք կոմունալները: Դա կարեւոր է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ