Այսօր հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում նախկին իշխանությունները բյուջետային միջոցներ էին նախատեսում, ծրագրեր էին կազմում՝ աշխարհում Հայաստանի իմիջը բարձրացնելու համար. «Մասնագետների, դիտորդների օգնությամբ ես այսօր արձանագրեցի, որ երեւի վերջին 20-25 տարում միջազգային մամուլում Հայաստան անունը այնքան չի արծարծվել, ինչքան արծարծվել է վերջին 15 օրվա ընթացքում, ընդ որում՝ միայն դրական երանգների ներքո, որովհետեւ աշխարհը զարմացած է, թե ինչպես այս փոքրիկ հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ողջ գործընթացը կազմակերպել այսքան բարձր մակարդակով՝ առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան: Ես ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը դեռ չի ավարտվել եւ մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը»:
Փաշինյանն ասաց, որ վերջին օրերին շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, պետք է լինի ավելի շատ սիրո հեղափոխություն, քան եղել է մինչ այսօր: Նա ասաց, որ զգում է՝ մթնոլորտի էլեկտրականությունն էլ է բավականին նվազել եւ դա լավ է: Լարված պայքարը քայլ առ քայլ վերածվում է տոնի ու յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, որ այս տոնը նույնիսկ փոքր միջադեպով չնսեմանա. «Սա պետք է լինի սիրո հեղափոխություն»:
Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր շատ արդյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ. «Մեր հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում, մենք բաժանվել ենք որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն ոչ մի բանով չի սպառնում, այլեւ առաջիկայում հայ-ռուսական հարաբերությունները իրապես զարգանալու, խորանալու են եւ ՀՀ պետական ու ազգային շահը այս համատեքստում միայն օգուտներ է ստանալու: Սա չափազանց կարեւոր արդյունք է»:
Փաշինյանը նաեւ խոսեց այլ երկրների հետ հարաբերություններից եւ ասաց. «Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով, զարգացնելու ենք մեր հարաբերությունները նաեւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, մեր անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ: Դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետեւ դուք բոլորս վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ միջազգային կշիռը, հեղինակությունը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ