«ՀՀ քաղաքացուն հաջողվեց վերջնականորեն եւ անշրջելի բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի մեր ավտոերթի ընթացքում եւ երեկ դեպի Իջեւան, հետո դեպի Վանաձոր, հետո դեպի Ապարան ու Երեւան ավտոերթի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակն անշրջելիորեն անշրջելի է»,- այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ այդ հաղթանակը քաղաքացիները սեփական ձեռքերով են կերտել եւ այդ հաղթանակի արդյունքները անպայման ճանաչվելու են. «Հիմա արդեն ԱԺ երեք խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան դաշինքը» հայտարարել են, որ մայիսի 1-ին տեղի ունենալիս վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին: ՀՀԿ խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ ՀՀԿ խմբակցության անդամների առնվազն մի մասը նույնպես կքվեարկի վարչապետի ձեր առաջադրած թեկնածուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր՝ դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաեւ դե յուրե: Ինչը նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:
Հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Չալոն էլ է եկել հավաքի, արդեն լավացել է. «Մեր քայլարշավի հենց առաջին օրը Չալոն Գյումրիից միացավ մեզ ու մեզ հետ քայլեց մինչեւ Երեւան, հսկեց մեր ճանապարհը: Նա 14 օր մեզ հետ քայլեց ու հասավ Երեւան: Հենց Երեւան մտանք, նա վրաերթի ենթարկվեց: Եկավ հասավ նաեւ Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն: Մեր համակիր մասնագետները նրան տարան եւ բուժեցին»:
Փաշինյանն ասաց, որ Չալոն իրենց լավ ընկերներից է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ