«Հրաշքի չեմ հավատում, բայց հիմա հրաշք եմ ապրում»,-Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» շարժման մասնակիցներին այսպես դիմեց կանադահայ դերասանուհի Արփինե Խանջյանը, որը միացել է շարժմանը: Նա իր սփյուռքահայ ընկերների անունից շնորհավորեց երիտասարդներին՝ ժողովրդական շարժման հաղթանակի առթիվ: «Նախորդ տարի շատերն ասում էին, որ ՀՀ-ում բան չի փոխվելու, բայց հիմա ՀՀ-ում շատ բան է փոխվելու»,-համոզմունք հայտնեց նա:
Արփինե Խանջյանը նշեց, որ օրերս Նիկոլ Փաշինյանի հետ եղավ մարզերում եւ այդքան ժպտացող դեմքեր չէր տեսել. «Սա ոչ թե թավշյա, այլ ժպիտի հեղափոխություն է: Իշխանությունը հասկացել է, որ քաղաքացին է իր արժանապատվության տերը»: Ապա դերասանուհին կոչ հղեց ՀՀԿ-ական պատգամավորներին. «Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց նա նաեւ ասաց մի բան, որը ինձ զարմացրեց: Ասաց՝ «ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր»: Հետեւաբար, ՀՀԿ-ն պետք է հարգի իր առաջնորդ Սերժ Սարգսյանի խոսքը եւ հետեւի դրան: ՀՀԿ-ն պետք է ընդունի, որ Նիկոլը կարողացավ ժողովրդի ձայնը բարձրացնել: Ժողովուրդը հավատաց Նիկոլին:
Արփինե Խանջյանը տասնյակ հազարավոր ցուցարարներին հարցրեց, թե ում են ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում: Ցուցարարները վանկարկեցին՝ «Նիկոլ-Նիկոլ»:
Ի պատասխան դերասանուհին ասաց. «Բայց գիտե՞ք, որ եթե նրան եք ուզում տեսնել վարչապետ, մեծ բեռ եք դնում իր վրա, որը, վստահ եմ, նա կտանի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
դուն այդտեղ մնա, գոնէ տարի մը, եւ օգնէ իրեն որ այդ բեռը տանի… քո բացառիկ խելքը, իմաստութիւնը, շատ օգտակար կը լինեն իրեն… արդէն իսկապէս զբաղ ալ չես այլ երկիրներում, տարիներէ ի վեր ոչ մի դեր չես ստացած որեւէ ֆիլմի մէջ… մնա այդտեղ, եւ դարձիր նախարար… կամ յատուկ խորհրդատու…եւ չմոռանաս, հա, դու ես կարգին մարմնաւորումը՝ համա՜յն Սփիւռքահայութեան… դուն եւ Թանկյանը անշուշտ…