Այս եղանակով ձուկը պատրաստում են Ֆրանսիայում, սակայն այժմ մեզ մոտ էլ կան բոլոր հարկավոր մթերքները, եւ ոչինչ չի խանգարում մեր տանտիրուհիներին` պատրաստել նման ուտեստ` հեշտ, համեղ, օգտակար:
Անհրաժեշտ մթերքները
Ձկան ֆիլե (կարող եք վերցնել ցանկացած ձուկ` սաղմոն, իշխան, թելապիա, ձողաձուկ եւ այլն, ընդ որում` կարող եք վերցնել նաեւ սառեցված ձուկ եւ ապասառեցնել)- 500 գրամ
Պրաս (երբեմն անվանում են «բուլղարական սոխ»)- 4 հատ
Սխտոր- 2 պճեղ (պարտադիր չէ)
Կարագ- 100 գրամ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, մուսկատի ընկույզ- ըստ ճաշակի
Սպիտակ չոր գինի- 100 մլ
Կիտրոն- կես հատ
Պատրաստման եղանակը
Պրասի կանաչ մասերից կտրեք եւ նետեք չորացած, դեղնած հատվածները: Միջից երկայնքով կիսեք եւ լավ լվացեք: Սովորաբար` պրասի տերեւների խորքերում հող է մնացած լինում, այդ պատճառով անհրաժեշտ է այն երկայնքով բաժանել, նոր լվանալ: Այնուհետեւ շերտատեք, մանր կտրատեք նաեւ սխտորը:
Թավայի մեջ տաքացրեք 2 ճաշի գդալ բուսայուղ, պրասը լցրեք մեջը, տապակեք մի քանի րոպե` պարբերաբար խառնելով, ավելացրեք աղ, պղպեղներ, մանր անցքեր ունեցող քերիչով քերած մուսկատի ընկույզ, կես բաժակ սպիտակ գինի, թողեք շոգեխաշվի եւս 10-15 րոպե, ավելացրեք 50-60 գրամ կարագ:
Ձկան ֆիլեն (կոնկրետ այս լուսանկարներում թիլապիայի ապասառեցված ֆիլե է, վաճառվում է մեր սուպերմարկետներում` բավականին մատչելի գներով) լավ լվացեք, շատ լավ չորացրեք թղթե սրբիչով, համեմեք աղով, պղպեղներով:
Թավայի մեջ տաքացրեք 2 ճաշի գդալ բուսայուղ, ավելացրեք կես ճաշի գդալ կարագ, ձկները տապակեք ամեն կողմից` 2-3 րոպե, վրան կիտրոն ճզմեք:
Մատուցելու համար ափսեի մեջտեղում դրեք մի քանի գդալ տապակած պրաս: Վրան դրեք ձկան կտորները: Զարդարեք կիտրոնով եւ առկայության դեպքում` կիսախաշ ծնեբեկով:
Մատուցեք սառը սպիտակ գինիով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ