Եվրոպական խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE / Եվրոպական Ուսանողների Ֆորումի գլխավոր ասամբլեայի 38 երկրի 834 պատվիրակները միաձայն արտահերթ հայտարարություն են ընդունել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ և զորակցություն հայտնել հայ երիտասարդությանը։
Հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև։
28 ապրիլի 2018թ.
Սույն հայտարարությամբ ցանկանում ենք արտահայտել մեր զորակցությունը և լիակատար աջակցությունը հայաստանյան երիտասարդությանն ի դեմս մեր հայաստանյան գրասենյակի` AEGEE-Երևանի` ք. Երևանում և Հայաստանյան այլ խոշոր քաղաքներում խաղաղ քաղաքական ցույցերի ակտիվ մասնակցության համար։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում ծավալված ներքաղաքական ճգնաժամը և խաղաղ ցույցերը, որոնց մեծապես մասնակցում են տասնյակ հազարավոր երիտասարդներ և ուսանողներ, նպատակ են հետապնդում հաղթահարել ժողովրդավարական բացը, համակարգային կոռուպցիան և սոցիալական անարդարությունը։ Ս.թ.-ի ապրիլի 23-ին ուսանողների կողմից կազմակերպված մեծածավալ փողոցային բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ պարոն Սերժ Սարգսյանը 10-ամյա կառավարումից հետո հրաժարական ներկայացրեց և լքեց նաև Վարչապետի պաշտոնը։
Որպես 42 երկրում 13000 անդամ ունեցող համաեվրոպական ուսանողական կառույց` AEGEE / Եվրոպական Ուսանողների Ֆորումն` աջակցելով երիտասարդության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներում, կարևորելով քաղաքացիական կրթությունը քաղաքական օրակարգում և աջակցելով մեր տեղական գրասենյակների մասնակցությանը քաղաքացիական հասարակության գործառույթներում, հայտարարում է, որ.
– հայ ուսանողների խաղաղ ցույցեր անցկացնելու և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ և բազմաթիվ եվրոպական իրավական ակտերով,
– վերոնշյալ իրավունքները պետք է ամբողջությամբ և անվերապահորեն հարգվեն, իսկ նոր Կառավարության ձևավորումը պետք է տեղի ունենա համազգային երկխոսության հիման վրա և ներառի բոլոր քաղաքական դերակատարներին։
Հաշվի առնելով մեր ընթացիկ անչափ ակտիվ համագործակցությունը Հայաստանյան տարբեր կազմակերպությունների և ուսանողական կառույցների հետ, վստահ ենք, որ առկա իրավական շրջանակներում համապարփակ ու կառուցողական երկխոսությունը, որը պետք է հարգի ժողովրդական կարծիքը և մասնավորապես ուսանողական խմբերի, երիտասարդության և քաղաքացիական հասարակության դիրքորոշումը, առաջնային են Հայաստանի հաջորդիվ ժողովրդավարական զարգացման համար։
Սույն հայտարարությունը ընդունվել է միաձայն Գլխավոր Ասաբլեայի 834 պատվիրակների կողմից
28 ապրիլի 2018 թ., ք. Կրակով, Լեհաստան