Ապրիլի 28-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոն։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Բիզեի, Մենդելսոնի և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Շորի ստեղծագործություններից։
«Ուղղակի անհավատալի է, որ նվագախմբի կազմում, որի հետ ես պետք է նվագեմ, այսքան երիտասարդ երաժիշտներ կան։ Ես շատ ուրախ եմ իմ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության համար։ Առանձնահատուկ մի էներգիա եմ ստանում այս կոլեկտիվից, երիտասարդ երաժիշտներից, ովքեր նախ շատ պատրաստված են, բացի այդ պատրաստ են սովորել ու ամեն ինչ անում են լավագույնս ելույթ ունենալու համար»,- ասաց Սալվատորե Ակարդոն։
Լրագրողի հարցին՝ կա՞ տարբերություն մենահամերգով և նվագախմբի նվագակցությամբ ելույթ ունենալու միջև, ջութակահարը նշեց, որ բնականաբար մենահամերգով կամ նվագախմբի հետ ելույթներն իրենց առանձնահատկությունն ունեն: Դրանք երկու տարբեր երևույթներ են՝ հույզերի արտաբերման տեսանկյունից: Պետք է հանդիսատեսին ցույց տաս, թե որքան արժեքավոր բան է երաժշտությունը, որը դու այդ պահին կերտում ես ու պետք է կարողանաս այնպես անել, որ մարդիկ սիրեն այն:
Մաեստրո Ակարդոյի կարծիքով երաժիշտը բոլոր առումներով պետք է ծառայի երաժշտությանը և ոչ թե այն ծառայեցնի սեփական հավակնություններին: Ահա այս սկզբնակետից ելնելով էլ մանկավարժ Ակարդոն բազմաթիվ երաժիշտների է կրթել։ Ինչպես ինքն է ասում, ավելի քան 45 տարի մանկավարժական գործունեության ընթացքում հայտնաբերել ու ճանապարհ է հարթել հարյուրավոր երիտասարդների համար. «Երիտասարդների հետ աշխատելիս ես իմ առջև խնդիր եմ դնում այնպես անել, որ վերջիններս կարողանան ոչ թե նոտաները կարդալ ու արտաբերել, այլ ճանաչեն ամբողջ երաժշտությունը: Իմ սաներից ոմանք հրաշալի տիրապետում են իրենց գործիքի տեխնիկային կամ բացառիկ տաղանդավոր են: Սակայն ես նրանց սովորեցնում եմ ոչ թե լոկ տիրապետել գործիքին, այլ սերմանում եմ այն կարևոր գաղափարը, որ գործիքը լավ երաժշտությունը դեպի մարդկանց հոգիները հասցնելու միջոց է»:
«Ես անհամբերությամբ սպասում եմ իմ ելույթին հրաշալի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը չափազանց հետաքրքիր է: Մենք իսկապես լավ ենք հասկանում միմյանց: Սա իրոք հաջողության մեծ գրավական է: Նվագախմբի հետ նվագելիս դու չպետք է միայն հետևես նրան կամ էլ ուղղորդես, դու պետք է ստեղծես հավասար համագործակցություն, և կարող եմ ենթադրել, որ դա մեզ կհաջողվի»,- համերգից առաջ ասել էր Ակարդոն։ Համագործակցությունը նվագախմբի և մենակատարի հետ լավագույնս կայացավ, ինչի ապացույցն ունկնդիրների բուռն ու անդադար ծափահարություններն էին, այն հուզական մթնոլորտը, որ ստեղծվել էր համերգասրահում։
Դիրիժոր Սմբատյանն էլ նշեց, որ մաեստրո Ակարդոյի հետ ելույթը իրենց համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև առանձնահատուկ զգացողություն. «Սալվատորե Ակարդոն ունիկալ ինտերպրիտացիաներ է ներկայացնում: Մենք նոր գույներ ունենք: Մաեստրոն հետաքրքիր նրբերանգներ է ներմուծել»:
Հիշեցնենք, որ այս օրերին Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է։ Փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին