Հարցազրույց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ
-Պարոն Մանուկյան, մեր երկրում տեղի ունեցող սրընթաց իրադարձությունների ֆոնին կարծես աննկատ մնաց վերջերս ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի համար այս պայմանագրի կյանքի կոչվելը սպասվելիք քաղաքական փոփոխությունների ֆոնին ինպիսի՞ն կլինի:
-Համաձայնագրի վավերացման արդյունքում կարևոր և առաջնային հարցերից այս պահին թերևս կառանձնացնեի Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածը, որտեղ հստակ է ԵՄ հանձնառությունն աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես, ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա: Թավշյա հեղափոխության սկզբից մինչ այս պահը շահարկման մեծ առարկա է Արցախը հանձնելու, կորցնելու հարցը, ինչը որպես փաստարկ և անխուսափելի իրողություն էր ներկայացվում անհնազանդության կոչերի հետևորդներին: Զուգահեռներ տանելով հեղափոխական այլ երկրների տարածքային ամբողջության խախտման, տարածքների կորստի և պատերազմի վերսկսման վտանգի հավանականության հետ, քիչ չէին զգոնության կոչերը: Արցախի հարցը առնվազն ազնիվ չէ ժողովրդական ընդվզման ալիքի դեմ որպես զսպման գործող հակակշիռ օգտագործել, ինչը տարիներ շարունակ արվել է ամեն մի աննշան այլընտրանքային կամահայտնության դեպքում:
-Այսինքն` կարծում եք, որ չկա՞ Արցախը կորցնելու վտանգ և այսպես կոչված Խորը և համապարփակ համաձայնագիրը դրա երաշխիքներից մեկն է: Միանգամից հաջորդ հարցին էլ կխնդրեի պատասխանել, այս ամենին ԱՄՆ-Ռուսաստան տանդեմը շոշափելն ի՞նչ նպատակ ուներ և արդյոք ստացվում է, որ ոչ ամերիկամետ ենք լինելու, ոչ ռուսամետ, այլ մեր համաձայնագրով գնում ենք ուղիղ Եվրոպա:
– Եկեք չշտապենք, Համաձայնագիրը եվրոպական 28 երկիր ևս պիտի վավերացնի, նաև՝ Եվրամիության խորհրդարանը։ Վերջին տվյալներով Եվրամիության երկրներից միայն Էստոնիան է վավերացրել փաստաթուղթը: Այնպես որ, սա ժամանակատար և երկարաժամկետ արդյունքով հաշվարկված ուղի է լինելու: Սակայն մեր երկրի խաղաղ ու ժողովրդավար դեմքը վստահ եմ հնարավորինս արագացնելու է գործընթացը: Ինչ վերաբերում է ռուսամետությանը կամ արևմտամետությանը, մենք պետք է հստակ արձանագրենք մի բան՝ մեր աշխարհաքաղաքական դիրքն ընդհանրապես, և մեր ազդեցության մակարդակը տարածաշրջանում կլինեն մաքսիմում ամուր, եթե մենք վարենք հայամետ քաղաքականություն: Կարևոր մի արձանագրում ևս․ Եվրոպա դառնալու համար ոչ թե պետք է գլխակորույս վազել դեպի Եվրոպա, այլ պետք է Եվրոպան բերել մեր երկիր: Հուսով եմ ընկալելի է միտքս։
-Պարոն Մանուկյան, այս երկու տասնօրյակում մենք իրարամերժ հայտարարությունների ականատեսն էինք, հենց թեկուզ պաշտոնական Ռուսաստանը ներկայացնողների կողմից: Եթե իրապես գնահատենք այն ինչ եղավ, արդյոք կարո՛ղ ենք բացառել, որ հեղափոխությունն ուղղորդված չէր դրսի ուժերի կողմից, ի վերջո իշխանափոխությունը միշտ էլ ձեռնտու է փոքր երկրներում շահեր ունեցող առանձին խոշոր պետություններին:
– Ռուսաստանից սկսեմ․ պետք է ի վերջո հասկանալ, որ մի օր մեր խնդիրների հետ առանց կողմնակի միջամտության առերեսվելու էինք, իսկ Ռուսաստանով «ահաբեկելը» տեսանք, որ այլևս մոդայիկ չէ: Հենց ռուսներն իրենց առանձին խողովակներով հնչեցվող հայտարարությունները հընթացս խմբագրում էին և փոփոխում: Հիշենք թեկուզ Ռիժկովի օրինակը, երբ նրա խոսքերը ոչ թե ուղենշային էին, այլ իրենց իսկ ասելով 90-ամյա ծերունու անձնական տեսակետ էին ընդամենը… Տեղեկատվության դարի ամենամեծ դրական կողմը թերևս էլեկտրոնային աղբյուրների միջոցով իրադարձություններին հետևելու հնարավորությունն է: Մենք շատ ենք տեսել կազմակերպված, ուղղորդված և հետևողական հեղափոխություններ: Մենք տեսել ենք հեղափոխությունների մարքեթինգային մշակվածություն՝ նույնաոճ պաստառներ, մի պատվիրատուի մեծածախ միատիպ հագուստներ, աքսեսուարներ, շոուին բնորոշ էֆեկտներ, անժամկետ, հազարավորներին ուտելիք մատակարարող նստացույցեր, որոնք գումարներ, ավելի ճիշտ վերադարձվող ներդրումներ են ունեցել: Սա հայկական հեղափոխություն էր, ինքնաբխության էլեմենտներով, ինչպես նաև ապակենտրոնացված և կառուցված նախկին սխալների բացառման վրա:
– Իսկ որո՞նք էին նախկին սխալները:
–Նախկին սխալները… դե օրինակ՝ մի տեղում չկենտրոնանալ-կցրեն, նստացույցեր չանել- ծախսատար և ջլատող է, չթիրախավորել միայն սոցիալական արդարության կողմնակիցներին- ձանձրացնող է և այլն և այլն: Ես սա կհամարեմ թարմ ալիք, համարձակ սերնդի առողջ պահանջ:
Այնուամենայնիվ երիտասարդության դերն իսկապես որոշիչ մեծ էր: Սա սերնդափոխություն էր․․․ Ափսոսում եմ, որ մեր քաղաքական էլիտան այնքան հասուն չգտնվեց սահուն սերնդափոխությունը նաև քաղաքական դաշտում ապահովելու համար։ Իհարկե, երիտասարդոության շրջանում էլ կան առանձին մարգինալ խմբեր, որոնց վրա էլ շատ հաճախ հենվում էին իշխանությունները։ Մենք ունենք երիտասարդ, բայց թանձրացած չինովնիկական մտածելակերպով կարծրացած պաշտոնյաներ, ունենք արևմուտքում կրթություն ստացած, բայց հայրենասիրության պակասով, մեծամիտ ու կույր երիտասարդ չինքնորոշված պաշտոնյաներ․․․ Բայց միաժամանակ հիմնական շերտը լուսավոր երիտասարդությունն է, հայրենասեր ու ամենակարևորը հայրենաճանաչ, լայն մտահորիզոնով երիտասարդները, որոնք ասելիք ունեն ու դրա հիմքում ոչ թե տեղափոխությունն է, այլ հեղափոխությունը:
-Դուք Ձեզ համարո՞ւմ եք ազատ քաղաքացի:
– Մանկությունս հիշեցրիք, մի խաղ կար, երբ երեխաները խմբերի էին բաժանվում ու փորձում իրար բռնել: Սովորական բռնոցի չէր, ճարպիկները պետք է ոչ միայն փախչեին, այլև ընթացքում դեմքով շուռ գային դեպի բռնողներն ու ողջ կոկորդով բարկացնեին նրանց՝ գոռալով ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ, ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ… Լուրջ խաղ էր (ժպտում է- Գ.Հ.) ․․․
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ