«Քայլ արա» շարժման ցուցարարները շրջափակել են Տիգրան մեծ հասցեում գտնվող Yerevan city սուպերմարկետը, նրանք կոչ էին անում քաղաքացիներին բոյկոտել խոշոր սուպերմարկետներից առեւտուր անել, որ մի հոգու չհարստացնենք: Սուպերմարկետի աշխատակիցներին էլ կոչ էին անում դուրս գալ, միանալ իրենց:
«Մենք ձեր համար անհնազանդությունն անում ենք, օրենքի բոլոր սահմաններում, եթե ձեզ ձեռք է տալիս 3000-4000 դրամի համար գաք, մեզ համար օ нам все равно է, լինի դուք, Yerevan city-ն»,- ասաց ցուցարարներից մեկը՝ դիմելով աշխատակիցներին:
Մի ցուցարար էլ հարց առաջ քաշեց՝ ինչու Հայաստանում մարդիկ չեն կարող ունենալ փոքր բիզնես, ըստ նրա, փակվում են փոքր խանութները, որ դրանց փոխարեն մեծ Yerevan city-ներ բացվեն:
«Ոչ օլիգարխներին»,- սկսեցին վանկարկել ցուցարարները:
Ոստիկանները մոտեցան ցուցարարներին՝ հորդորելով բացել սուպերմարկետի մուտքը:
Իսկ մի ցուցարար սկսեց բացատրել՝ ինչու չեն հեռանալու մուտքից.
«Սերժ Սարգսյանի հեռացումից հետո նրա հենարան օլիգարխիկ համակարգը փորձում է Հայաստանում պահել զավթված իշխանությունը, մեր պայքարը եղել ու մնում է այդ համակարգի դեմ, Ժողովրդի հաշվին շահույթ ունեցող օլիգարխներն այսուհետեւ պարտավոր են է լսել ժողովրդի ձայնը, անցել են պապաների ու կռիշների, ամենաթողության, ընտրակեղծիքի ու ընտրակաշառքի, ստվերային գործարքների ժամանակը: ՀՀ-ում գործող բիզնեսը պետք է հաշվի նստի ժողովրդի հետ, օլիգարխիկ համակարգը պետք է հեռանա»,- հայտարարեց ցուցարարը: Ցուցարարները ոստիկաններին կոչ արեցին զբաղվել այն դեպքով, երբ ցույցերի ժամանակ Սամվել Ալեքսանյանը հարվածում էր քաղաքացիներին:
«Թալանչիների ու օլիգարխների վերջը եկել է»,- վանկարկում էին ցուցարարները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ