Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանխատրամադրվածությունն այնպիսին է, որ մայիսի 1-ին վարչապետ ընտրվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հանդիպումից հետո

Ապրիլ 29,2018 15:18

«Ւմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ ՀՀԿ-ում տեսել է կանխատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններին:

«Եթե կա կանխատրամադրվածություն, որոշակի պայմանավորվածություն ձեռք կբերվի այդ մասով: Կանխատրամադրվածությունն այնպիսին է, որ մայիսի 1-ին վարչապետ ընտրվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն իրեն կողմ կքվեարկի:

Վարչապետ ընտրվելուց հետո մտադի՞ր եք ցրել ԱԺ-ն հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ քաղաքական դաշտից տարբեր մտահոգություններ են հնչում, որ եթե ուզում ենք արդար ընտրություններ անել, պետք է բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել, քննարկել ժամկետները: Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, բայց թե ինչ ժամկետներում՝ պետք է քննարկել:

Մեկ այլ հարցի, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այլեւս չկան, իրենք էին համարվում հիմնական խոչընդոտը «Մարտի 1-ի» բացահայտման համար, ժողովրդի իշխանությունն արդյոք երաշխավորո՞ւմ է «Մարտի 1-ի» բացահայտում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ժողովրդի իշխանությունը երաշխավորում է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ կարվի, որ բացահայտվի, ես նախաքննության մարմին չեմ, նախաքննության տվյալներին էլ չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ կբացահայտվի»:

Անդրադառնալով իր ավելի վաղ կատարած հայտարարությանը, թե վենդետա չի լինելու՝ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ վենդետան ու արդարադատությունը նույն բանը չեն. «Խոսում ենք օրինականության մասին, վենդետան ու արդարադատությունն անհամատեղելի են, ինչ վերաբերում է արդարադատությանը, մենք ասել ենք, որ չեն լինելու քաղբանտարկյալներ, անձնական վրեժխնդրության դրսեւորումներ, բոլոր հարցերի մոտեցումը լինելու է ազգային համերաշխության վերականգնումը»:

Հարցին, թե արդյոք արտաքին ուժերի չեզոքություն էր այս հաղթանակի գրավականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ մեր ժողովրդի զարթոնքն էր:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե իշխանության մենաշնորհացումը դարձավ բողոքի ցույցերի պատճառ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Այսպիսի գործընթացները մի սխալի պատճառով չեն լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30