Եթե 3 խմբակցություն պաշտպանի 1 թեկնածուի՝ մենք չենք խոչընդոտի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ելք» խմբակցության անդամ եւ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
Ինչպե՞ս կքվեարկվի ՀՀԿ-ն, որը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, արդյոք այս կուսակցությունը միասնական է քվեարկելու՝ հարցերին ի պատասխան Բաղդասարյանն ասաց. «Մենք կտեսնենք բոլոր դիրքորոշումները բոլոր ուժերի… մեր նպատակը համերաշխությունն է»:
Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ խմբակցությունն ընդհանրապես չքվեարկի մայիսի 1-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրություններին, Բաղդասարյանը պատասխանեց՝ ՀՀԿ-ն նիստ չի գումարել. «Հանրապետական կուսակցությունը միանձնյա չէ որոշում կայացնում, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: ՀՀԿ-ն միասնական է»:
Պաշտոնական առաջադրումներից հետո, ինչպես ասաց Բաղդասարյանը, կլինի ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ եւ վերջնական որոշում կկայացվի, թե ինչպես է քվեարկելու:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային