Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ զորահավաքային խնդիրների կատարման վրա. Վիգեն Սարգսյան

Ապրիլ 29,2018 13:43

Ապրիլի 28-ին ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է կրակային զորավարժություն, որի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում զորավարժության կրակային փուլին ներկա էր նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Զորավարժության նպատակն էր փորձարկել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի շրջանակում ձեռք բերված ռազմատեխնիկական նոր, գերժամանակակից միջոցների հնարավորությունները, կատարելագործել անձնակազմի մարտավարամասնագիտական հմտություններն ու գործնական ունակությունները՝ առաջադրված ուսումնամարտական խնդիրները ժամանակին և գերազանց կատարելու համար:

Զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ զինանոցի համալրման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, նպաստելով հայկական զինուժի առավել արդիականացմանը:

4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ Երևանում և մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն և հետևողական՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման և ծառայության կազմակերպման հարցերում՝ խիստ ուշադրություն կենտրոնում պահելով զինաձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը և կանոնադրային հարաբերությունները:

Այնուհետև Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են Սիսիան քաղաքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է  անցկացրել նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Քննարկվել են քաղաքացիական որոշ հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորման, բուժսպասարկման որակի բարելավման հարցերը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30