Շատ ուշադիր հետևում եմ վերջին օրերի Հայաստանյան քաղաքական զարգացումներին:
Հայ ազգի համար ապրիլ ամիսը հիշատակի և սգո ամիս է, սակայն այս տարի ականատես եղանք նոր սերնդի երիտասարդներին, ովքեր վճռականորեն կանգնած են պաշտպանելու իրենց համոզմունքները,և Շառլ Ազնավուրի հայտնի «Նրանք ընկան» երգի արցունքները ուղեկցվում են հույսի եւ զգացմունքների արցունքներով:
Ես չեմ ճանաչում այս շարժման քաղաքական առաջնորդներին, սակայն հանրահավաքների մասշտաբները ցույց են տալիս իրավիճակի բացառիկ լինելը, որի հնարավոր պատասխաններից լավագույնը հանդուրժողականությունն է։
Նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը լսեց ժողովրդի կոչը և հրաժարական տվեց։ Մայիսի 1-ին Ազգային ժողովը նույնպես հնարավորություն ունի ցուցաբերել հանդուրժողականություն՝ ընդունելով երկրում ստեղծված նոր իրականությունը և նրան տալով համապատասխան սահմանադրական կարգավիճակ։
Բայց այս հանդուրժողականությունը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են արտահայտել ժողովրդի ցանկությունները և մոտ ապագայում կարող են դառնալ իշխանություն։
Իրենց պարտականությունն է կենտրոնացնել բոլոր ուժերը ապագան կառուցելու վրա՝ հաղթահարելով վրեժի գայթակղությունը և ստեղծելով քաղաքական դաշտ, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան պաշտպանելու իրենց համոզմունքները։
Ֆրանսիացի շատ քաղաքական և տնտեսական գործիչներ, ովքեր առանձնահատուկ կարծիք չունեին Հայաստանի մասին, այժմ զարմացած են, որ հետսովետական որևէ երկրում հնարավոր է իշխանափոխության այսպիսի խաղաղ տարբերակ։ Եթե այս դրական ընկալումը պահպանվի մինչև իրադարձությունների վերջը, անխուսափելիորեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի և՛ ներդրումային, և՛ զբոսաշրջային գրավչության վրա:
Մայիսի 1-ին բոլոր հայացքները սևեռված կլինեն ձեզ վրա: Եղեք ուժեղ…
Լևոն Սաքունց
Ֆրանսիայում ծագումով հայ քաղաքական գործիչ,
Ֆրանսիայի հանրապետական կուսակցության տարածքային ղեկավար,
Վիեն քաղաքի փոխքաղաքապետ