Ուսանողներն այսօր միացել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ցույցերին:
Ուսանողները կանգ առան պետական համալսարանի մոտ, որտեղ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ինչպես նախկինում, այս անգամ էլ նշեց՝ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն:
«Հեղափոխությունից հետո բուհերի ղեկավար կազմում, ուսխորհրդի, գիտխորհրդի ղեկավար մարմիններում չպետք է լինեն կուսակցական անձինք: Սա միայն հանրապետական կուսակցությանը չի վերաբերում, սա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին»,-ասաց Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ պայքարելու են, որպեսզի համալսարաններում ազատ խոսքն ու ազատ միտքը չհետապնդվեն. «Ավագները ոչ թե պետք է զբաղվեն դեկանատների հրամաններն իրականացնելով, պարզելով, թե՝ իրենց կուրսում ով է, այսպես ասած՝ ուրիշ բաներ խոսում, այլ համալսարաններում պետք է լինի նորմալ, ակադեմիական մթնոլորտ, ոչ թե գաղջ, ņւ մի խումբ մարդկանց շահերը սպասարկող ինչ-որ կառույց»:
Ապա թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողը հայտարարեց. «Թատերական ինստիտուտի ուսխորհուրդը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու, մեր ուսխորհուրդը չի պատկանում ոչ մի կուսակցության.:
Հիմա ուսանողները քայլերթով գնում են դեպի Ագրարային համալսարան, ապա նախատեսված է, իրենց խոսքերով ասած՝ Պոլիտեխնիկի մոտ էլ հավաքվել, հետո քայլերթով շարժվել դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա՝ Հանրապետության հրապարակ, որտեղ այսօր ժամը 19:00-ին հանրահավաք է լինելու:
Ուսանողները կանգ առան բժշկական համալսարանի մոտ եւ Աբովյան-Կորյուն խաչմերուկը փակեցին, հետեւաբար նաեւ երթեւեկությունը կանգ առավ:
Հիշեցնենք, որ վաղը ԱԺ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետի ընտրություններ. Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Մինչեւ ընտրությունները Փաշինյանը կոչ է արել շարունակել անհնազանդության շարժումը:
ՀՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու, իսկ Գագիկ Ծառուկյանն ու ՀՅԴ-ն հայտարարել են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ