«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօրվա անելիքները: Նրա խոսքով. «Չնայած քաղաքական իրավիճակը նույն տեղում չի կանգնել եւ հայտնի իրադարձությունների բերումով որոշակի առաջընթաց ենք ունեցել, բայց ես կոչ եմ անում ժամը 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի գործողությունները՝ խոսքը ճանապարհների շրջափակման մասին է:
Ժամը 16:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորություն ունենա ժամը 19:00-ին հասնել Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքին»:
Նա նաեւ ասաց, որ այսօրվա հանրահավաքը «չափազանց կարեւոր է»:
«Մենք պետք է ի ցույց դնենք, որ մեր շարժումը վճռական իր ոտքերի վրա ամուր կանգնած է լինելու: Այսօր ես նաեւ երթ կիրականացնեմ, քայլարշավ ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից: Երթով գնում ենք դեպի Հանրապետության հրապարակ: Պետք է պատրաստվենք հաղթանակի»,-իր խոսքն ավարտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ ներողություն խնդրեց այն մարզերի բնակիչներից, որոնց չեն հասցրել այցելել եւ խոստացավ առաջիկայում բոլոր մարզկենտրոններում ունենալ հանդիպումներ. «Այդ բացը կլրացնենք եւ հույս ունեմ, որ այդ ժամանակ կքննարկենք կոնկրետ խնդիրները ինչ ժամկետներով, ինչ ձեւաչափով»: Փաշինյանը նաեւ շնորհակալություն հայտնեց այն բնակիչներին, որոնք բացառիկ ակտիվություն են ցուցաբերել շրջագայության ընթացքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ