Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ես պնդում եմ, երբ վաղը ՀՀԿ-ն քվեարկի հօգուտ Նիկոլ Փաշինյանի, դա մեխանիկորեն կնշանակի, որ այդ կուսակցությունը նոր ընտրությունների ժամանակ կարող է իր թեկնածուին առաջադրել»

Ապրիլ 29,2018 11:33

Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» թեկնածու չի առաջադրելու: Կարճ ժամանակ անց եղավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ դաշինքը թեկնածու չի առաջադրելու եւ սատարելու է Նիկոլ Փաշինյանին:

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ այսպիսի որոշում կայացվեց, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ի պատասխան ասաց. «Իրենք, գոնե այս փուլում, չեն ուզում հակադրվել ժողովրդին: Բավական լուրջ շարժում է, ժողովրդական շարժում է, ի՛նչ հզոր մարդ պետք է լինես, որ դրա դեմ դուրս գաս: Ես կարծում եմ, այո, զգուշավոր քայլ է, ակնհայտ դուրս չեկան ժողովրդի դեմ»:

Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն, իրադարձություններն ի՞նչ սցենարով կարող են զարգանալ, պարոն Գրիգորյանը երեկվա՝ Վանաձորի բազմամարդ հանրահավաքի ականատեսը լինելով ասաց.
«Հզոր հանրահավաք էր, այն էլ այդ վատ եղանակի պայմաններում, անձրևի տակ, ոգեւորված մարդիկ: Բոլոր բնակավայրերում Նիկոլ Փաշինյանին լիքը մարդիկ էին սպասում: Սպիտակում, Ապարանում, Աշտարակում, գյուղերում, բոլոր բնակավայրերում լիքը մարդ էր սպասում: Նույնիսկ այդ փաստը ցույց է տալիս, որ համազգային է, լուրջ շարժում է: Ես կարծում եմ դա տեսնելով, դրանից դատելով, ակնհայտ է, որ մայիսի 1-ին բոլոր չորս խմբակցությունները՝ այդ թվում եւ ՀՀԿ-ն պետք է քվեարկեն կողմ: Հնարավոր է առանձին մեկ- երկու կամ հինգ պատգամավոր դեմ քվեարկեն՝ ինչ-ինչ սկզբունքներից ելնելով, բայց, մենք պետք է հասկանանք, որ սա պայքար չէ ընդդիմության հաջող, լավ լինելու համար, սա պայքար է համազգային, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը՝ ուղղված իշխանությունների դեմ՝ իշխանափոխություն կատարելու համար»:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` այս պայքարը քաղաքական չէ, բարոյականության պայքար է. «ՀՀԿ-ն տեսնելով այդ ոգեւորությունը ո՞նց կարող է կողմ չքվեարկել: Կասկած չունեմ, որ մայիսի 1-ին Երեւանի հրապարակները լեփ լեցուն կլինեն եւ իրենք կտեսնեն, որ ուրիշ տարբերակ չկա: Այստեղ «պրինցիպ» ընկնելու, թարսվելու հարց չէ: Հիմա լուծվում է այլ հարց՝ ժողովուրդը ոտքի կանգնեց, գտավ առաջնորդ, հավատաց, գնաց հարցը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակով: Եվ փորձել ինչ-որ բաներ ասել, խարդախություններ անել, ես չեմ պատկերացնում՝ ով կգնա դրան: Նույնիսկ մինչ այս, հանրապետականների խորամանկ քայլերն էլ կարելի է ներել, բայց այն պահից հետո, ինչ ես տեսա Վանաձորում ու Ապարանի ճանապարհին, ապշեցուցիչ էր»:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ինքը ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է եւ եղել եւ լուրջ իրադարձությունների, հանրահավաքների է մասնակցել, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այս օրերին ընթացող շարժումն իր ծավալներով, ավելի մեծ է:

Մեր այն հարցին, թե արդեն երկու օր է ռուսաստանյան լրատվամիջոցները, նաեւ մեր երկիր ժամանած Պետդումայի պատվիրակության անդամները կարծես թե մեկնաբանություններում ավելի զգուշավոր դարձան՝ զերծ մնալով շարժումը «Մայդան» որակելու իրենց նախնական դիրքորոշումից, ի՞նչ եք կարծում Ռուսաստանը համոզվե՞ց, որ սա աշխարհաքաղաքական հարց չէ եւ որ Հայաստանի ներքին հարց է, պարոն Գրիգորյանն ասաց. «Ինձ շատ դժվար է Ռուսաստանի փոխարեն պատասխանել, բայց Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նրանց մտահոգություններին: Գլխավոր հարցերին ինքը պատասխանեց: Ես կարծում եմ, որ հանգստացավ Ռուսաստանը, բայց հանրապետական իշխանությունները պետք է հասկանան, որ պետք չէ դրսից «տղա բերել», հավատացնում եմ, որ դա իրենց ոչինչ չի տա: Ես պնդում եմ, երբ վաղը հանրապետականները քվեարկեն հօգուտ Նիկոլ Փաշինյանի, դա մեխանիկորեն կնշանակի, որ այդ կուսակցությունը նոր ընտրությունների ժամանակ կարող է իր թեկնածուին առաջադրել: Նրանք ասեն լավ՝ մենք հազար սխալ ենք արել, բայց տեսա՞ք կտրուկ պահին մենք ձեր կողքին էինք, ճիշտ որոշում կայացրինք, եթե չանեն, ես չեմ պատկերացնում ՀՀԿ-ն ինչ ապագա կունենա Հայաստանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30