Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը. ՄԻՊ

Ապրիլ 29,2018 11:21

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում։

Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող:

Սրանք հասարակությունում լարվածության աճին ակնհայտորեն նպաստող գործոններ են: Մտահոգությունն էլ ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին շեշտակիորեն աճել է մարդկանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, իսկ զանգվածային հավաքներն ու երթերը դեռ շարունակվում են:

Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը: Այս առումով, մտահոգիչ է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները: Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը: Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չսանկցավորված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ։

Այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30