Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում՝ նվիրված այոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

Ապրիլ 29,2018 09:22

Լոնդոնում՝ Թեքեյան մշակութային միության, Թեքեյան հիմնադրամի եւ Լոնդոնի թագավորական քոլեջի Հայ ուսանողների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին:

Դասական համերգը, որին ներկա էին ՄԲ-ում Հայաստանի դեսպանորդ Արմեն Լիլոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմից Հայր Շնորք Բաղդասարյանը,  այլ հոգեւորականներ, հասարակական, մշակութային գործիչներ, ՄԲ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ոգեկոչում էր 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հատկանշում էր հայ ժողովրդի ոգու ուժը, տոկունությունն ու արժանապատվության զգացումը:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի օրհներգով՝ Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարմամբ: Այնուհետեւ, ելույթով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար, «Կոմիտաս» կամերային երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը, մասնավորապես նշելով, որ Սփյուռքը պետք է ջանք չխնայի, որպիսի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն իր շարունակությունն ունենա եւ ընդունվի Թուրքիայի կողմից: Նա նաեւ կոչ արեց ողջ հայությանը սատար կանգնել Հայաստանին եւ մասնավորապես Արցախին՝ հզորացնելու բանակը եւ դիմակայելու ագրեսոր Ադրբեջանին: «Քանի դեռ մենք պահպանում ենք մեր մշակութային ժառանգությունը, մեր հավատը դեպի Հայ Առաքելական եկեղեցին, սերը հայոց լեզվի, Հայաստանի եւ Արցախի հանդեպ, մեր ազգը կշարունակի  բարգավաճել»: Նա նաեւ հույս հայտնեց, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն էլ ավելի կամրապնդի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը Հայրենիքում: Ելույթի վերջում Վ. Ուզունյանը ներկաներին հրավիրեց մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում, Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբաթում նահատակված բոլոր հայերի հիշատակը:

Լոնդոնի թագավորական քոլեջի Հայ ուսանողների միության համահիմնադիր եւ ԹՄՄ վարչության անդամ Վահե Ասատրյանն իր խոսքում եւս մեկ անգամ ընդգծեց, որ ձեռնարկը վկայում էր հայ ժողովրդի միասնության, տոկունության ու կենսունակության մասին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցում սուրբ նահատակների հիշատակին: Նա նաեւ կարեւորեց ԼԹՔ Հայ ուսանողների միության նպատակը տարատեսակ ձեռնարկների միջոցով պահպանել եւ տարածել հայկական մշակույթը, ավանդույթները, լեզուն ու պատմությունը եւ միավորել հասարակության տարբերի շերտեր ներկայացնող երիտասարդ հայերին: «Մենք հավատացած ենք, որ ուժեղ երիտասարդ սերունդը, եռանդուն ուսանողները ազգի բարեկեցիկ ապագան կերտողն են: Մեր միասնական նպատակն է Հայաստանի եւ Արցախի հզորացումը, պայծառ ապագան»:

Միջոցառումը շարունակվեց մշակութային ծրագրով՝ երաժշտություն, երգ ու ասմունք: Ելույթներով հանդես եկան մեցցո-սոպրանո Անայիս Հեղոյանը /կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից/, երաժիշտներ Արկադի Անտոնյանը, Արա Պետրոսյանը եւ Հարություն Մելիքյանը /ակորդեոն, դհոլ, դուդուկ/, երգչուհի Միգանուշ Բաղրամյանը, EOS տրիոն /Անժել Նաջարյան՝ ջութակ, Փոլ Էվերնդեն՝ կլարնետ, Թոմաս Էնգ՝ դաշնամուր/, Վանուհի Պետրոսյանը /ասմունք/, երգիչ Գրիգոր Նաջարյանը:

Հաջորդիվ եղան Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարումները ջութակի, դաշնամուրի եւ կլարնետի նվագակցությամբ: Դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ երգչախումբը կատարեց մասնավորապես մեծն Կոմիտասի ստեղծագործություններից: Հարկ է նշել, որ «Կոմիտաս»-ը, որը ստեղծվել է 2013թ., Մեծ Բրիտանիայում առաջին հայկական պրոֆեսիոնալ երգչախումբն է. ունի 15 անդամ. երգացանկը բազմազան է. ընդգրկում է ազգագրական, դասական, հոգեւոր երգեր:

Ձեռնարկն ավարտվեց Հայր Շնորք Բաղդասարյանի օրհնությամբ: Հոգեւորականը բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի Թեքեյան մշակութային միության ազգանվեր գործունեությունը եւ կազմակերպությանը մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հայապահպանության դժվարին գործում:

Նշենք, որ 1947թ. Բեյրութում հիմնված Թեքեյան մշակութային միությունը մշակութային-կրթական կազմակերպություն է, որը նպատակ ունի պահպանելու հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ստեղծելու դպրոցներ եւ ուսուցանելու հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, երաժշտությունն ու արվեստը: ԹՄՄ մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում. Լոնդոնի մասնաճյուղը ստեղծվել է 1975թ.: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, Լոնդոնի ԹՄՄ իր քույր կազմակերպության՝ 1979թ. հիմնված Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է զանազան մշակութային ձեռնարկներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ եւ այլն: Երկու կազմակերպություններն էլ զբաղվում են դպրոցաշինությամբ, ինչպես նաեւ կրթական, մշակութային, մարզական, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով աջակցում են կարիքավոր աշակերտությանը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30