«ՀՀ հպարտ քաղաքացիներ, մենք եկել ենք ձեզ ասելու, որ ձեր հաղթանակը ձեր ձեռքից որեւէ մեկը չի կարող գողանալ: Ով որ կփորձի գողանալ այդ հաղթանակը՝ իշխանությունից լինի, թե ընդդիմությունից, նա շատ արագ, նույնպիսի արագությամբ գնալու է Սերժ Սարգսյանի հետեւից»,- դիմելով Վանաձորում հավաքված ցուցարարներին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, այսօր շատերի մոտ կա այնպիսի կարծիք, որ այս պայքարը անձերի պայքար է, եւ թե ով պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Սակայն, ընդդիմադիր գործիչը վստահեցնում է, որ դա ամենեւին էլ այդպես չէ. «Իրականում խոսքը նրա մասին է, թե արդյո՞ք այս ներքաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե՞ շարունակվելու: Եթե ՀՀ-ում մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որեւէ ուրիշ մեկը, քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում եւ Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով»:
Վանաձորում եւս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հաղթանակած թավշյա հեղափոխությունն ունի միայն մեկ առաջնորդ, որը ժողովուրդն է. «Մեր շարժումը բաց ձեռքերի շարժում է, եւ մեր շարժման մեջ չեն կարող լինել սադրիչներ, որևէ լկտիություն մեր շարժման հետ չի կարող կապ ունենալ, որեւէ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի կարող լինել: Ոստիկանների նկատմամբ պետք է պահպանել կոռեկտ, հարգալից վերաբերմունք»:
Նա հայտարարեց, նաեւ որ իրենց պայքարը շարունակվելու է. «Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը ժամը 12:00-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, Երեւան մայրաքաղաքում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել, ասում են ուզում ենք երկաթուղին փակենք, ուզում եք՝ փակեք: Եվ այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով՝ ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն հանրահավաքի մասնակիցների կողմից ընդունվում էր մեծ ոգևորությամբ, ծափողջույններով եւ «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով:
Հանրահավաքի ավարտին Փաշինյանն ավանդույթի համաձայն քայլերթով շարժվեց քաղաքի գլխավոր փողոցներով: Երթի մասնակիցները Հայքի հրապարակից Տիգրան Մեծ պողոտայով շարժվեցին դեպի Թումանյան հրապարակ, այնուհետեւ Մոսկովյան փողոցով կրկին վերադարձան հանրահավաքի վայր: Ցուցարարներին վարորդները ողջունում էին ազդանշաններով, իսկ մարդիկ ովքեր չէին եկել հանրահավաքին՝ պատշգամբներից դուրս էին եկել եւ իրենց աջակցությունն էին հայտնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ