Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլի Ռուսաստանը

Ապրիլ 29,2018 08:00

Զարմանալիորեն հայկական նոր հեղափոխությունը սկսվեց առանց աշխարհաքաղաքական դատողությունների ու առանց միջազգային դիրք որոշակիացնելու։ Սա նորություն էր։ Վերջին տարիներին հայ քաղաքական ուժերը երբ խոսում էին քաղաքականության մասին, առաջին հերթին հանդես էին գալիս «Ռուսաստան, թե Արեւմուտք» երկընտրանքով։ Նիկոլը փորձեց շրջանցել մշտական քաղաքական այդ խութը եւ թվում էր, թե իր մոտ լավ ստացվեց։ «Ոչ, ոչը», «եւ, եւը» առաջին փուլում դարձան հեղափոխության ճիշտ գործիքներ եւ Հայաստանի զարգացման խնդրի լուծման համար բազմահազարանոց բազմության հավաքվելը մտորումների առիթ տվեց, թե ինչու էինք անընդհատ դեմ տալիս արտաքին քաղաքական երկընտրանք՝ մի բան, որը միշտ խոչընդոտում էր համազգային պայքարի հաջողությանը։

Մենք ուրախացանք տիկին Մարիա Զախարովայի հավասարակշիռ հայտարարությամբ, մենք մի պահ մտածեցինք, որ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի զարգացմանը։ Մեզ թվաց, թե կարողացանք շրջանցել Ռուսաստանի կարծիքը, եւ այժմ մենք ենք տերը մեր երկրի։

Մինչդեռ, 2 օրից ակնհայտ դարձավ, որ «ոչ-ոչ» մարտավարական հնարքն այլեւս չի աշխատում։ Եթե մեկը խոսում է Հայաստանի հզորացման մասին, ապա նա չի կարող շրջանցել ապագաղութացման խնդիրը։ Այսինքն, Հայաստանի զարգացումը նախեւառաջ պայմանավորված է գաղութի կարգավիճակից դուրս գալուց, եւ դա կախված չէ նրանից, թե մենք ինչ ենք հայտարարում։

Այս խնդիրը մեզանից էլ շատ լավ է հասկանում Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի համար Հայաստանին տիրապետելը ունի ռազմավարական նշանակություն, նախեւառաջ՝ պայմանավորված Հայաստանի աշխարհագրական տեղով։ Փոխադարձ շահի վրա հիմնված հարաբերությունները Կրեմլի հետ չեն ստացվի, քանի դեռ այնտեղ տիրապետում է իրենց երկրի ապագայի վերաբերյալ ներկա ծավալապաշտական մոտեցումը։ Նրան անհրաժեշտ է տիրապետել Հայաստանի տարածքին որպես ռազմական բազաների, հրթիռների ու տարբեր զենքերի տեղադրման վայրի, որտեղից կարելի է վերահսկել կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանները, եւ այս առումով Հայաստանը Ռուսաստանի համար այլընտրանք չունի։ Հայաստանի հետ քաղաքակիրթ՝ պայմանագրային հարաբերությունների վրա հիմնված մոտեցումները մի կողմից Մոսկվայի վրա թանկ կնստեն, մյուս կողմից ներկա դինամիկ իրավիճակներում Ռուսաստանը անընդհատ նորանոր պայմաններ է ավելացնում, ինչպես, ասենք, իսկանդերների տեղադրումը, ռազմական ոստիկանության անվան տակ նոր զորքերը, որոնք քաղաքակիրթ հարաբերությունների դեպքում պահանջելու էին կրկին ժամանակ եւ փող։ Ավելի ձեռնտու է Հայաստանում ունենալ իշխանություններ, որն ինքը կվճարի ռուսական բազաների համար, կամ լրացուցիչ զորք բերելու համար չի պահանջի համապատասխան փաստաթղթեր ու պայմանագրեր։ Իհարկե, տեսականորեն հնարավոր են նաեւ փոխադարձ սուվերենության վրա հիմնված հարաբերությունները, սակայն այս դեպքում Հայաստանի իշխանությունները ամեն պահի Ռուսաստանին կարող են հիշեցնել իրենց շահը։

Միաժամանակ, Ռուսաստանում ժողովրդավարության ճնշման ավանդույթի տեսանկյունից եւս նրա համար անընդունելի է ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված իշխանությունը Հայաստանում։ Իր հարեւանությամբ նման փորձերը կարող են վարակիչ դառնալ Ռուսաստանի ժողովուրդների համար, եւ մի օր նրանք էլ որոշեն սեփական կամքով իշխանություններ ձեւավորել։

Սիրիայում եւ Ուկրաինայում խայտառակ պարտություններից հետո Պուտինին անհրաժեշտ են թեկուզեւ փոքր, բայց հաղթանակներ։ Պետք է ուշադիր հետեւել ռուսական մամուլին, չի բացառվում, որ Հայաստանում հեղափոխության ճնշման փորձը այնտեղ ներկայացվի որպես Պուտինի հերթական հաղթանակը։

Ասվածից հետեւությունը պարզ է. Հայաստանում անօրինական եւ կոռումպացված իշխանությունների գոյությունը Մոսկվային անհրաժեշտ է որպես նրա վրա ճնշելու եւ նրան հրամայելու գործիք։ Խնդիրը Նիկոլի բարի կամքը չէ, կամ Պուտինի չար կամքը, ռուս-հայկական ասիմետրիկ, գաղութային հարաբերությունները կառուցելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են խամաճիկ իշխանություններ։ Սա օբյեկտիվ իրականություն է, եւ որքան էլ փորձես ապագաղութացումը չմտցնես շարժման օրակարգ, Ռուսաստանը միեւնույնն է, մտցնելու գրպանային իշխանություններ ունենալու պահանջը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.04.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30