Այսօր Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը: Այն, որ ՀՀԿ-ն որոշել է մայիսի 1-ի ընտրություններին թեկնածու չառաջադրել, այս հայտարարությանը հավաքված ցուցարարներն արձագանքեցին բացականչություններով ու ծափողջույններով. «Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Եվ որպեսզի լավ լինի, Հանրապետական խմբակցությունը կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին:
Եվ ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորների հետ՝ բոլորի հետ միաժամանակ, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ որ մենք ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ, եւ եթե նրանք անեն իրենց քայլը՝ Հանրապետական խմբակցության եւ մյուս խմբակցությունների պատգամավորները, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»,- հայտարարեց Փաշինյանը:
Պատգամավորը հույս հայտեց, որ այլ քաղաքական ուժեր չեն փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը. «Հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերը, այլ քաղաքական գործիչները չեն փորձի անգամ ժողովրդի հաղթանակը, որովհետեւ դա կբերի այդ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի դուրս մղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ