Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն հասկացավ, որ ժողովուրդն ամենազոր է». Փաշինյանը՝ ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին

Ապրիլ 28,2018 23:24

Մարզային հանրահավաքներից վերադառնալիս այսօր «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղավ նաեւ Քուչակ համայնքում, որտեղ դիմելով բնակիչներին՝  ասաց. «Թավշյա հեղափոխության հաղթանակի ամենամեծ կերտողը ՀՀ քաղաքացիներն են: Այսուհետեւ ՀՀ-ում իշխանության տնօրինողը ժողովուրդն է, որը պետք է կերտի իր երեխաների երջանիկ ապագան՝ հող մշակելով, տուն շենացնելով: Չի լինելու այլեւս իշխանություն, որը խեղճացնելու եւ թալանելու է սեփական ժողովրդին: Եվս մի քանի օր ամուր կանգնեք ոտքի վրա, որպեսզի մեր հաղթանակը հասցնենք տրամաբանական ավարտին»:

Ապարանում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ժողովրդի հաղթանակ՝ նշանակում է հանդուրժողականություն եւ փոխադարձ հարգանք: Նոր ազգային միասնություն ու պետություն պետք է կառուցենք: Չվճարված արագաչափերի տուգանքները պետք է զրոյացվեն. այդ տուգանքները պետք է շատ-շատ էժանացվեն: Ժողովրդի թալան այլեւս չի լինելու: ՀՀ-ում լինելու է միայն ժողովրդին հարստացնող իշխանություն»: Ալագյազ համայնքում էլ Փաշինյանի պատվին «հաղթանակ» վանկարկումներով հրավառություն կազմակերպեցին:

Սպիտակում էլ պատգամավորը, դիմելով բնակիչներին, ասաց. «Դեռ երեկ առավոտ ՀՀԿ-ն ասում էր, որ մեծամասնություն է եւ իր թեկնածուին է առաջադրելու: Ի՞նչ տեղի ունեցավ: Երբ երեկ գնում էինք Գյումրի, բոլոր համայնքներում փակում էին ճանապարհները՝ մեզ դիմավորելու համար: Նույնը տեղի ունեցավ եւ այսօր: ՀՀԿ-ն հասկացավ, որ ժողովուրդն ամենազոր է, նրա դիմաց խաղ չկա, եւ այսօր հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում: Դուք հաղթել եք»:

Բոլոր համայնքներում Փաշինյանին դիմավորում էին աղ ու հացով, դիմում՝ «վարչապետ»-ով, իրար հրելով-հերթ չտալով՝ գրկում, օրհնում ու համբուրում: Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ վաղը ժամը 19 00-ին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30