Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանը հրապարակել է Հայկական Բաստիլի ազատագրման կազմկոմիտեի կազմը 

Ապրիլ 28,2018 23:14

Հայկական Բաստիլի ազատագրումը` որպես «Իմ քայլը» թավշյա հեղափոխության առաջնային խնդիր

Ինչպես ֆրանսիական բռնակալության Բաստիլի ամրոցը, այնպես էլ աշխարհի բոլոր բռնակալությունները ունեն իրենց բաստիլ-գուլագները, ուր պահում են այդ բռնակալությունների դեմ պայքարած և ամենամեծ հարվածը ստացած քաղաքացիներին: Բնավ պատահական չէ, որ բռնակալությունների լծի դեմ ծայր առած ժողովրդական հեղափոխությունները, բացի  իրենց հաղթանակների քանակական ցուցիչներից, այն է՝  հրապարակ ելած քաղաքացիների թվից, ունենում են նաև  որակական ցուցիչ և յուրօրինակ խորհրդանիշ, այն է՝ տվյալ ռեժիմի Բաստիլի ազատագրումը:

2015թ. Բերձորյան հայտնի ջարդից սկսած շուրջ մեկ ու կես տարի վայելելով «սերժական ռեժիմի կողմից» թե՛ ապօրինի ձերբակալության, թե՛  քաղաքական և տնտեսական հալածանքների ողջ հմայքը,  ես որոշեցի օգտվել ապօրինի ուժի կողմից ծնած ինքնապաշտպանության  իրավունքից, և սկսած ՊՊԾ գնդի գրավման օրից, խուսափելով նոր քաղաքական հաշվեհարդարից, անցա ընդհատակ:  Մեկ տարի 9 ամիս ընդհատակում գտնվելուց հետո սույն թվի ապրիլի 23-ին դուրս գալով հրապարակ արեցի իմ քայլը միանալով թավշյա հեղափոխությանը և հանձնվելով հայկական բռնակալության դատաիրավական պատժիչ համակարգին, նպատակ ունենալով սկսել հայկական Բաստիլ գուլագի կազմաքանդումը նրա ներսից, նրա յուրահատուկ այցեքարտը հանդիսացող Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Հայկական ավտորիտարիզմի յուրահատուկ ցուցիչ է համաշխարհային համապատասխան ռեյտինգներում բնակչության հազար հոգուն ընկնող ազատազրկվածների թիվը, եթե նկատի ունենանք Հայաստանում առկա բնակչության 2 միլիոնին մոտ իրական թիվը՝ հայկական ռեժիմը զբաղեցնում է անփառունակ առաջին տեղերից մեկը  աշխարհի ամենաբռնակալ  երկրների ցանկում:

Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաև մի շարք հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, պետությունների զեկույցներ արձանագրել են հայկական քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակը, որը արտահայտվում է նյութական և հոգեբանական անմարդկային պայմանների առկայության, բանտերի գերբեռնվածության, նախաքննության ընթացքում մարդկանց անհարկի և երկարատև կալանման, կտտանքների և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների տեսքով:

Այս իրողությունները իրենց հերթին առաջացնում են սոցիալական խորագույն անվստահություն արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Հայտարարում եմ, որ սույն թվականի ապրիլի 24-ից մեկնարկած անժամկետ հացադուլս հետապնդում է հետևյալ պահանջները.

Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը,

Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման համար.

Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով. որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ,

Դիմում եմ անհատներին, կազմակերպություններին և խմբերին, որպեսզի նրանք իրենց զորակցությունն արտահայտեն սույն նախաձեռնությանը և խաղաղ անհնազանդության գործողություների գործնական աջակցությամբ ասուլիսների, ելույթների, հոդվածների, համերգների միջոցով միանան նշված պահանջների կատարմանը.

Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին և  դատապարտյալներին՝ խաղաղ անհնազանդության գործողություններով սատարել իմ հացադուլին,

Հայաստանի և սփյուռքի իրավապաշտպան, փաստաբան անհատներին և կազմակերպություններին՝ իրենց մասնագիտական ձայնը բարձրացնել և զորակցել նշված պահանջներին,

ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին՝ իրենց հեղինակավոր խոսքը ասել ստեղծված իրադրության կապակցությամբ,

«Իմ քայլը» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ամեն կերպ սատարել նշված նախաձեռնությանը և հնարավորություն ստեղծել այս հայտարարության ընթերցման համար հանրապետության հրապարակի հարթակից, ինչպես նաև սփյուռքի հեղինակավոր անհատներին և հայերին:

Այս նախաձեռնության զորակցումը համակարգելու համար դիմում եմ նշված հայտարարությանը կցված ցուցակի անհատներին ստեղծելու համար հայկական Բաստիլի ազատագրման կազմկոմիտե: Ցուցակի կազմը վերջնական չէ և բաց է նոր թեքնածությունների ընդգրկման համար:

Հույս ունեմ, որ Հայաստանի ներկայիս ադմինիստրացիան կունենա բավարար քաղաքական իմաստություն գիտակցելու համար, որ իրենց արձագանքի ուշացման  դեպքում այս նախաձեռնության խաղաղ անհնազանդության գործողություններին կմիանան ոչ միայն ՀՀ քրեակատարողական հիմնարկների հազարավոր դատապարտյալներ, միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններ և փաստաբաններ, այլև բանտված քաղաքացիների տասնյակ հազարավոր հարազատներ և ընկերներ, ինչպես և համակիրներ՝ յուրովի միանալով «Իմ քայլը» թավշյա հեղափոխությանը:

Երևանի Ֆրանսիայի հրապարակում Ռոդենի արձանի մոտ սկսված թավշյա հեղափոխությունը պետք է պսակվի նույն հրապարակից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող և հայկական Բաստիլի խորհրդանիշ հանդիսացող Նուբարաշենի և Վարդաշենի, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկների հայկական «գուլագ»-ից: Իսկ ԱԱԾ-ի նկուղները պետք է դառնան տարբեր տարիների բռնաճնշումների թանգարան և հանդիսանան գործիք հետագա հնարավոր բռնակալական նկրտումների դեմ:

Հայաստանի հանրապետության անկախության հարյուրամյակը պետք է դառնա նրա արդարադատության համակարգի վերածնման լայնամասշտաբ և արագ ռեֆորմների սկիզբը:

Հարյուրամյակն առանց ռեժիմի

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և տեղեկատվական հասարակության ղեկավար կոմիտեի բյուրոյի նախկին անդամ, ՄԱԿ-ի տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի մրցանակի ժուրիի նախկին անդամ՝

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ՝

Գարեգին Չուգասզյան

Հայկական Բաստիլի ազատագրման կազմկոմիտեի կազմը.

Մուշեղ Շուշանյան

Արայիկ Պապիկյան

Վարդգես Գասպարի

Շահեն Հարությունյան

Լևոն Բարսեղյան

Ալեք Ենիգոմշյան

Արմեն Հովհաննիսյան

Արթուր Սաքունց

Ավետիք Իշխանյան

Արմեն Գրիգորյան

Արտակ Զեյնալյան

Դավիթ Սանասարյան

Արսեն Խառատյան

Ժաննա Ալեքսանյան

Հրանուշ Խառատյան

Վարդան Հարությունյան

Իրինա Ղափլանյան

Թաթուլ Հակոբյան

Նվարդ Մանասյան

Նարինե Դիլբարյան

Լուսինե Քասախջյան

Վահան Արծրունի

Աշոտ Մանուչարյան

Գայանե Շագոյան

Հովիկ Մուսաելյան

Գարեգին Միսկարյան

Հասմիկ Պապյան

Նարինե Թուխիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30