Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլ արա, ընտրիր Նիկոլին». Գառնիկ Իսագուլյան

Ապրիլ 28,2018 17:33

Պարոն Փաշինյանը (այսուհետ՝ Նիկոլը. այդպես նրան դիմում է ժողովուրդը) սկսեց մի շարժում, որի հիմնական կարգախոսն էր՝ «Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» և ի պատիվ իրեն այդ շարժման ընթացքում կարողացավ, կիրառելով ճշգրիտ մշակված տեխնոլոգիաներ, հասնել հաջողության՝ բարձրացնելով հարցեր, որոնք անխտիր առկա են, և որոնց օր առաջ լուծումն անհրաժեշտ է թե´ մեր երկրին, թե´ մեր ժողովրդին: Ու այն հանգամանքը, որ այդ բոլոր առկա խնդիրների մեջ մեծամասնաբար մեղավոր են գործող իշխանությունները, որևէ կասկածանք չկա, և նա շատ ճշգրիտ հաշվարկով այդ ամենն ուղղեց կոնկրետ անձի՝ Սերժ Սարգսյանի դեմ: Հաջողությունն ու հաղթանակն առկա են. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Շատերի համար անսպասելի ու բազմամարդ հանրահավաքները ընթացս փոխեցին իրենց առաջնորդի մտահղացումներն ու նպատակները (ախորժակն ուտելուց է բացվում), և կարգախոսը շատերի համար աննկատ դարձավ՝ «Նիկոլ՝ վարչապետ»: Եվ այժմ, ըստ էության, կարելի է արձանագրել, որ նոր կարգախոսն է՝ «Քա´յլ արա, ընտրի´ր Նիկոլին»:

Բայց ընտրությունն այժմ ոչ թե ժողովրդի ձեռքերում է (ինչքան էլ փորձի Նիկոլն այլ բացատրություններ տալ), այլ Ազգային ժողովինը, որում մեծամասնություն է կազմում «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը: Ու եթե այժմ, կարևոր չէ թե ինչ մեթոդներով (որոնք միանգամայն անօրինական են), Նիկոլը հասնի նրան, որ իրեն հռչակեն վարչապետ, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. կա հանճարեղ մի արտահայտություն՝ «Հեղափոխությունը հղանում են հանճարները, իրականացնում են ֆանատները, իսկ նրա արդյունքներից օգտվում տականքները»:

Այո´, հարգարժա´ն Նիկոլ, այս պարագայում ստացվում է, որ ըստ վերոգրյալ մտքի՝ թե´ հանճարն ես լինելու դու, թե´ ֆանատը, բայց ներո´ղ եղիր, եթե դու դառնաս վարչապետ, նաև՝ թե´ տականքը:

Իմ անկեղծ հորդորը քեզ՝ Նիկո´լ, մի´ գնա այս վերջին քայլին, մի մուրա նրանցից քվե, ում քննադատում ես, ում դեմ, քո խոսքերով ասած, պայքարում ես, ու մի մխսիր ժողովրդի ու քո հաղթանակի քեզ տված հնարավորությունը՝ այսօր օրակարգ թելադրել ու սեղանի շուրջ կոնսեսուսով հասնել նրան, որ առաջնահերթ ընդունվի ընտրական նոր օրենսգիրք, ստեղծվեն արդար ընտրություններն ապահովող մեխանիզմներ ու արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվի ժողովրդի քվեով լեգիտիմ իշխանություն: Այլ ճանապարհները աններելի սխալներ են: Դարձյալ ժողովրդի իմաստությամբ (նորողություն եմ խնդրում, թո´ղ ոչ մեկը սա իրեն չվերագրի)՝ «հրեշին սպանողը, թե հրեշի տեղը նստեց, ինքն է հրեշ դառնալու»:

Հասկանալի է, իրավիճակն այնպիսին է, ու սկսվել է մի գործընթաց, որն անչափ տհաճ է՝ ուրացում, առնետավազք, ճամբարափոխություն, վախ, նյութապաշտություն, գիշերային այցեր, ժողովրդից թաքուն բանակցություններ, անհայտ գումարներ, և մի՞թե սա է ձեր ճանապարհը:

Նիկո´լ, ես քո կողմնակիցը չեմ, չեմ եղել ու չեմ լինի, ես գիտեմ քո մտքերն ու դրանք չեմ կիսում: Քանի դեռ ուշ չէ՝ Քա´յլ արա, սթափվի´ր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Ազգային ժողովի խմբակցության անդամներին (կանխավ ներողություն նրանցից, ում սա չի վերաբերում)՝ արժանապատվությո´ւն ունեցեք, թոթափե´ք ձեզանից վախը, քծնանքը, գայթակղությունը, դավաճանությունը, մի վերջին անգամ ինքներդ ձեր առջև ազնի´վ եղեք, մի´ տրվեք ինքնախաբեության: Ձեր առաջնորդը խոստովանեց, որ ինքը սխալվեց, Նիկոլը ճիշտ էր, ապացուցե´ք, որ դուք որպես կոլեկտիվ, որպես կուսակցություն, որպես Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի հետնորդներ՝ ընդհանրական սխալ չեք: Գործադրե´ք վերջին ճիգը, իրացրեք´ Սահմանադրությամբ ձեր լիազորությունները ու բաց ճակատով նայեք ժողովրդի աչքերին, եղե´ք միասնական, քվեարկե´ք ձեր թեկնածուի օգտին, այլապես այլոց վաղվա գործելիք մեղքերը նույնպես ձեր ուսերին է լինելու: Մի´ թույլ տվեք արարք, որ վաղը նախադեպ է դառնալու այլոց համար Հայաստանն անընդհատ լարվածության մեջ պահելու: Ես ձեզ միշտ քննադատել եմ, դուք դրան ցավով եք վերաբերվել, բայց ես ճիշտ եմ եղել, իսկ այսօր այս դժվար պահին ես ձեր կողքին եմ ու ևս մեկ անգամ ասում եմ՝ վստա´հ եղեք:

Ազգային ժողովի մյուս խմբակցություններին՝ դատողը ես չեմ, Տերն է, բայց մի խնդրանք ունեմ. կարող եք գոնե հայտարարել ու ասել մի բան, որ վստահ լինենք, որ այն չեք փոխի մեկ ժամ հետո՝ կախված նրանից, թե հարթակում ինչ է հնչում: Մի՞թե դուք առաջնորդվում եք ոչ թե ձեր խղճով ու պահի պատմական թելադրանքով, այլ հարթակից հնչած մտքերով:

 

Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. manvel says:

    Այս գառնուկից ես այլ բան չէի սպասում, որ ամոթ չունի դա վաղուց հայտնի էր, բայց որ պաշտոնը նաև կուրացրել է և չի տեսնում ժողովրդի ուրախությունը, դա արդեն խոսում է իր ասած տականքի մասին

  2. Հայ մարդ says:

    Գառնիկ Իսագուլյան – եղել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմի անդամը և նրանց գործունեության քարոզիչը: Այժմ խիստ մտահոգված է, որ հեղափոխությունը իրեն կզրկի պրոիշխանական լծակներից և խառնվել է իրար: Նկատել ենք օրինաչափություն, որ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են ջուր պղտորելու նպատակով հաճախակի մեզ հիշեցնում հեղափոխությունը հղացողների, այն իրականացնողների և արդյունքներից օգտվողների մասին ասույթը: Ստացվում է, որ Նիկոլը պետք է հեղափոխություն նախաձեռնի, իրականացնի և Գառնիկ Իսագուլյանի զգուշացումից անհանգստացած՝ մի հատ տականք գտնի ու նրան դնի վարչապետ: Բայց խնդիրը նրանում է, որ Նիկոլի թիմում այդպիսիք չկան: Պարոն Իսագուլյան, հավանաբար Ձեր շրջապատում տականքի հարմար թեկնածու ունեք, բարձրաձայնեք նրա անունը, եթե հանկարծ ժողովուրդը համաձայնվի, այդ դեպքում Դուք նորից իշխանական կերակրատաշտին մոտ կգտնվեք և երջանիկ կլինեք:
    Բայց ընթերցողներս վստահ ենք, որ Ձեր այս սադրանքը արդյունք չի տա և ժողովուրդն այս անգամ հաղթանակն իր ձեռքից բաց չի թողնի:

  3. Derenik says:

    re>..իսկ նրա արդյունքներից օգտվում տականքները

    Ստեղ են ասում “դուք ասացիք!” – քաջ հայտնի ա որ դուք անձամբ նախորդ հեղափոխության արդյունքներից օգտվողների մեջ էք, հետեւաբար … ձեր ինքնագնահատականը ինքներդ տվեցիք:
    Ինչ վերաբերվում ա Նիկոլի ղեկավարությամբ ժողովրդի պայքարին – դա հեղափոխություն չի դասական իմաստով, քանի որ հասարակարգը փոխելու խնդիր չի դրվում, այլ դա ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ գիշատիչների խմբի (որն իրան “կուսակցություն” ա հորջորջում) դեմ պայքար ա օրինականությունը վերահաստատելու, ու իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: Այդ պատճառով էլ տեսնում ենք տարբեր տրամաչափի տականքների կողմից Նիկոլին վարկաբեկելու ու շարժումը ձախողելու ջղաձիգ ջանքեր:

    re>..ախորժակն ուտելուց է բացվում

    հետաքրքիր ա ինչու՞ նմանատիպ հեգնանք/բողոք չէիք արտահայտում երբ ձեր “պապա” Սերժը, իրա ու իրա ողջ “զորքի” ԱՆՀԱԳ ԱԽՈՐԺԱԿՈՎ, սեփական խոստումը դրժելով, արդեն 3-րդ անգամ էր հավակնում “1-ին աթոռին”: Կամ ինչու՞ ախորժակ զսպելու կոչեր չէիք անում տարիներ շարունակ տեսնելով իշխանությունների (ՀՀԿ-ի գլխավորությամբ ու մինչ այդ) արած թալանը (երկրի ընդերքից մինչեւ փոքր բիզնեսների ու անհատների կեղեքումով): Վախենում էիք՞, թե՞ “ձեր փայը” վատ չէր:
    ԵՒ ինչու՞ եք միտումնավոր նենգափոխում Նիկոլի այժմ վարչապետության պաշտոնակատարությունը ստանձնելու նպատակը (որը ԷԱՊԵՍ տարբերվում ա իշխանությունը անօրինական միջոցներով զավթած “կուսակցության” մոտիվներից) այն է – ժամանակաւոր իշխանությունը ԱՆՀՐԱԺԵՇՏ Ա մոտալուտ ընտրությունները ՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ նախապատրաստելու ու իրականացնելու համար, մի բան որ դուք էլ խոստովանում եք, այսօրվա փչացած իշխանություններին ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ ԵՐԲԵՔ:
    Ինչու՞ էք խառնվել իրար, ինչու՞ եք էտքան վախենում օրինական ընտրություններից, կարելի ա՞ իմանալ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30