«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Քայլ արա» շարժման ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ նրա համախոհները ապրիլի 28-ին ավտոերթ կատարեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաք, Հաղարծին գյուղ, Իջեւան:
Մարզկենտրոն Իջեւանի փայտամշակման կոմբինատի հարակից հրապարակը լեփ-լեցուն էր: Այդտեղ էին Իջեւան քաղաքի, Տավուշի մարզի այլ համայնքների բնակիչներ: Առավոտից երիտասարդ մի քանի ձիավորներ Իջեւանի բնակիչներին իրազեկում էին հանրահավաքի մասին: Ձիավորներն ուղեկցում էին Իջեւանի փողոցներով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երթը:
Փաշինյանին Իջեւանում դիմավորեցին ջերմորեն, ավանդական աղուհացով: Հրապարակում հավաքվածները կրում էին «Կարեն լա դենը», «Նիկոլ վարչապետ», «ՀՀԿ հեռացիր», «Տավուշը ձեր հետ է» եւ այլ կարգախոսներով պաստառներ: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Իջեւանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց որպես ՀՀ փաստացի վարչապետ:
Արսինե Խանջյանն իր, Սերժ Թանկյանի, սփյուռքի անունից շնորհակալություն հայտնեց ճիշտ ու թափանցիկ շարժման համար: Սասուն Միքայելյանը հնչեցնելով Հովհաննես Թումանյանի մի քառյակ, հայտարարեց, որ իշխանությունները Հայաստանի ժողովրդին բաժանել, իրար դեմ են հանել ու իշխում են, նա իշխանություններին կոչ արեց հեռանալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`ոչ մի կասկած չկա . որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած ոչ բռնի հեղափոխությունը հաղթանակել է, այդ հաղթանակի տերը Հայաստանի քաղաքացին է, ժողովուրդը: Նա ասաց, որ ինքը իջեւանցի է, սակայն իջեւանցի է նույնքան, որքան ղարաբաղցի, գյումրեցի, վանաձորցի եւ այլն: Նա ասաց՝ Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է, այսուհետ Հայաստանի բոլոր քաղաքացիները ապրելու, գործելու համար հավասար հնարավորություններ են ունենալու, օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու, իր հարազատները, մտերիմները, ընկերները պետք է պատասխանատու լինեն, կարգապահ եւ համեստ:
Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղ, անցնցում իշխանափոխության վերաբերյալ պատրաստ է բանակցել, միաժամանակ հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների, խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Նա շնորհակալություն հայտնեց Իջեւան համայնքի ավագանուն՝ ժողովրդական շարժմանը պաշտոնապես սատարելու համար, Իջեւանի քաղաքապետին կոչ արեց լինել ժողովրդի կողքին, ժողովրդի հետ: Նա Հայաստանի համայնքների ղեկավարներին եւ ավագանիներին կոչ արեց միանալ համաժողովրդական շարժմանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա հայտարարեց`դուք եք տերը մեր երկրի:
Գրեթե մեկ ժամ տեւած հանրահավաքից հետո` ժամը 16-ին, Ն.Փաշինյանը եւ ավտոերթի մյուս մասնակիցները շարժվեցին դեպի Վանաձոր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ