Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՞թե վարչապետի պաշտոնին հավակնող անձն այդքան խոցելի է». Զատուլինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ապրիլ 28,2018 16:09

«Ինձ թվում է՝ երկար պետք չէ բացատրել՝ ինչու ենք եկել, մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում»,- այսօր «Արմենպրես» ակումբում լրագրողներին ասաց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա Ռուսաստանից Հայաստան ժամանած ռուս պատգամավորների պատվիրակության կազմում է ու այսօր պատրաստվում է հանդիպել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Բանախոսն ասաց, որ իր տեղեկություններով, Կարապետյանի վարկանիշը Հայաստանում վատը չէ, ՌԴ-ում էլ շատերն են նրան բարձր գնահատում ու թեեւ իրենք կցանկանային սատարել Կարեն Կարապետյանին, բայց որևէ մեկի կողմնակիցը չեն: Զատուլինի խոսքով, Ռուսաստանն ուշադիր կհետևի վարչապետի առաջիկա ընտրություններին եւ չի ընդունի բռնի ուժով հաղթանակի հասած արդյունքները:

«Սա արդյունքների ամփոփման ասուլիս չէ, առջևում կարևոր հանդիպումներ են սպասվում: Ես անկեղծորեն անհանգստանում եմ, հուսով եմ՝ ելք կգտնվի, և այդ ելքը կլինի իրավական-սահմանադրական ճանապարհով: Դա ևս մեզ անհանգստացնում է»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ներհայաստանյան իրադարձություններին որևէ կերպ չեն միջամտելու, իրենց գործառույթը չէ՝ ով է լավը, ով՝ վատը:

Նա նաեւ անդրադարձավ երեկ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ հանդիպմանը. «Ես երկու հանդիպմանը ներկա եմ եղել, զրուցել եմ «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ցավոք, ինչպես գիտեք, «Ելք»-ի ներկայացուցիչները հանդիպման եկան ոչ այն կազմով, ինչպես սպասում էինք, կես ժամ սպասումից հետո հանդիպման եկավ Արարատ Միրզոյանը, նա մյուսների բացակայությունը հիմնավորեց նրանով, որ վիրավորված են Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպումից: Թե ինչ է պատահել, ես չգիտեմ, բայց մի՞թե վարչապետի պաշտոնին հավակնող անձն այդքան խոցելի է, որ պատրաստ չէ ամբողջ կազմով ներկայանալ հանդիպմանը»:

Նա չմեկնաբանեց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի խոսքերը. «Ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկին արդարացնել կամ ներողություն խնդրել, մենք բոլորս գիտակից մարդիկ ենք: Նա իր կարծիքն է արտահայտում, ասում է այնպես, ինչպես հարկ է համարում, իսկ դա ճիշտ է, թե ոչ, պետք է գնահատեն ունկնդիրները: Ես Կովկասում եմ ծնվել, չեմ պատրաստվում հանդես գալ Նիկոլայ Ռիժկովի ուսուցչի դերում և կոչ եմ անում լուն ուղտ չդարձնել: Շատ բան է ասվում, որից կարելի է կառչել, եթե մենք դա շարունակենք, որևէ արդյունքի չենք հասնի, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ճանապարհին կարգելակենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30